7 Նոյեմբերի, 2019

Արմավիրի մարզի Փշատավան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա։ Փշատավան է վերանվանվել 1947 թ-ին։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր։ Համայնքում կրթական հաստատություններից կա դպրոց, նախակրթարան ոչ բարվոք վիճակում գտնվող մշակույթի տուն, գրադարան, ծանրամարտի մարզասրահ: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Փշատավան համայնքում  գործում է ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն:

Մինչև 2016 թ. Արմավիրի մարզի Փշատավանի համայնքապետ ընտրվելը,-Mnews.am- ին ասաց Ազատ Քյարամյանը,- աշխատել եմ համայնքապետարանում, ինչը նշանակում է, որ տեղեկացված եմ եղել գործի էությանն ու հանգամանքներին: Ինչպես մյուս բոլոր համայնքները, մենք էլ մեր ձեռքբերումներն ու բացթողումներն ենք ունեցել:

Պարոն Քյարամյան, լինելով սահմանամերձ համայնք, որքանո՞վ է համայնքի խնդիրներին ականջալուր լինում կառավարությունը:

-Վերջին ժամանակներս  տարատեսակ բողոքի ակցիաները կարծես թե  սովորական են դարձել փշատավանում, ու այսօր գյուղի բնակիչների դժգոհությունը կայանում է նրանում, որ գյուղը հենց թուրքական սահմանի մոտ գտնվելով,անգամ  որոշ տներ սահմանից 100–150 մետր հեռավորության վրա են։ Ժամանակին այնտեղ սահմանային ուղեկալ կար։ 2015 թվականին այն վերացրեցին. հիմա ուղեկալներ կան հարևան գյուղերում, հեռավորությունը դրանց միջև մոտ 15 կմ է, իսկ Փշատավանն այդ գծի մոտավորապես կեսում է ու ուղեկալներ չկան։Քանի որ վերջին ամիսներին պետական սահմանի խախտման դեպքերը շատացել են, մեզ մտահոգում է անվտանգության հարցը։ Մեր ուղեկալը հանել են ու հիմա գյուղի դիմաց թուրքական դիրքն է։ Մարդիկ լրջորեն անհանգստացած են իրենց տների ու երեխաների ապահովության հարցով. այստեղ երբեք չգիտես` սահմանից այն կողմ գտնվող մարդկանց մտքով ինչ կարող է անցնել։

Փշատավանի սահմանային ուղեկալի վերացման պատճառներից մեկը, զինվորականների խոսքով, կադրերի պակասն է։  Հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանը հսկելու համար չափազանց քիչ ժամկետային զինծառայողներ են տրամադրվում:

Նաև ունենք խնդիր սահմանային գոտի մուտք գործող ավտոմեքենաների վերաբերյալ, որոնք մեծ մասամբ օրենքի խախտումով են մուտք գործում սահմանային գոտի:Չունեն պետական գրանցում ,համարանիշները չեն համապատասխանում  գրանցված ավտոմեքենաներին կամ շահագործման ոչ պիտանի  ավտոմեքենաներ են:

Ինչպիսի՞ խնդիրներ են  լուծվել համայնքում  Ձեր պաշտոնավարման տարիներին: Կներկայացնեք:   

   – Համայնքի բյուջեն շատ փոքր է ,մեծ աշխատանքներ ուղղակի հնարավոր չէ կատարել :Գյուղի մեծահարուստների օժանդակությամբ համայնքում ունենք ծանրամարտի համար նախատեսված մարզասրահ, որտեղ պարգևատրումներով մրցումներով է հագեցած տարին անցնում: Ամբողջ գյուղն ավազապատված է, մարդիկ չէին կարողանում հասնել իրենց հողերին և մշկությամբ զբաղվել: Խմելու ջրի խնդիր չունենք, շուրջօրյա է, բայց ոռոգման ջրի խնդիր ունենք: Լավ է, ժողովուրդը կարողանում է մշակությամբ զբաղվել և բերք ու բարիք ստանալ:Հիմնականում այստեղ շատ է ծիրանը և սեղանի սորտի խաղողը,բացի ոռոգման ջրից, նաև իրացման հարցն է շատ մեծ խնդիր դարձել ,քանի որ եթե արտահանում չլինի,գյուղացու բերքը կմնա դռանը:

Ռուսական շուկան կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած:Սեղանի սորտի խաղողը հիմնականում արտահանվում է կամ էլ տեղական շուկայում է իրացվում,բայց տեղական շուկան չի կարող ծախսը փակել: Հայաստանից խաղողն արտահանվում է հետևյալ ուղղություններով՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Բելառուս։  Արտահանվող խաղողի առույծի բաժինը, սակայն, դեպի ռուսական շուկա է գնում:

Այստեղ դեռ կան խաղողագործներ, որոնց բերքը չի վաճառվել՝ արկղերում է մնացել: Որոշներն էլ, որպեսզի բերքը չփչացնեն, շուկայական արժեքից ավելի ցածր գնով՝ կիլոգրամը 135 դրամով, վերամշակող գործարաններին են հանձնել:Արտահանման առումով այս տարի շատ վատ վիճակ է: Այս սեզոնին մարդիկ գերադասում են սեղանի սորտի խաղողն էժան գներով չվաճառել, փոխարենը պահեստավորում են սառնարաններում: Վերավաճառողները 200 դրամով մեզանից խաղողը գնում են, տանում են 350-450 դրամով վաճառում և արտադրողից ավելի շատ աշխատում:

-Որո՞նք են Ձեր նոր ծրագրերը:     

 -Գարնանը նախատեսված է երեխաների համար խաղահրապարակ ենք կառուցելու,լողավազանով գեղեցիկ այգի: Ամենամեծ ծրագիրը ,որ ցանկանում եմ մանկապարտեզի հարցերը կարգավորվի: Լինելով սահմանային համայնք, մենք պետք է շատ պատրաստված սերունդ դաստիարակենք:

Մաղթում եմ, որ գյուղացիներս կարկուտի վնասներ երբևէ չկրեն, դա չարիք է լրիվ: Լինեն առողջ և երջանիկ, չարտագաղթեն, ընդհակառակը՝ շատ երեխաներ ունենան հայ ազգը համալրեն իրենց զավակներով:

 Ազատ Քյարամյանը հպարտությամբ է նշում, որ փշատավանցին շատ աշխատասեր է, հատկապես այս սեզոնին գյուղում պարապ մարդ չես գտնի: Գյուղացին ձգտում է հողից առավելագույնն ստանալ` բարեկեցիկ կենսակերպ վարելու համար…       

Mnews.am

                                                  

                                                                    

kotayk

Լրահոս