27 Ապրիլի, 2022

Ինչպես հայտնի է, Հայաստանին և Ադրբեջանին «խաղաղեցնելու» հարցում սկսել է կատաղի պայքար Արևմուտքի և Մոսկվայի միջև: Եթե սկզբնական փուլում այդ պայքարում առավելությունը Մոսկվայի կողմն էր, ապա վերջին՝ բրյուսելյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպելուց հետո առավելությունն անցավ Արևմուտքին: Ավելին, Ադրբեջանն այնքան է ոգևորվել այդ հանդիպման ընթացքից, որ արդեն հայտարարել է, որ կազմել է պաշտոնական պատվիրակություն բանակցություններ սկսելու համար Հայաստանի հետ:

Հայաստանը նման պատվիրակություն կազմելու մասին դեռ չի հայտարարել, քանի որ զգացել է, որ Մոսկվան խանդով է վերաբերվում բրյուսելյան հարթակին: Ավելին, Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո, Մոսկվայում հայտարարեցին, «…Բրյուսելի անամոթ փորձերի մասին, սեփականաշնորհել ռուս-հայ-ադրբեջանական համաձայնությունների վերաբերյալ…», նշելով, որ երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, միակ վստահելի հիմքը կարող են լինել նախկին խորհրդային քարտեզները:

Հավելենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ոչ մի խոսք չհնչեց ապագա «խաղաղ պայմանագրի» մասին: Այս ամենը խիստ զայրացրել է Բաքվին: Վերջինս մեծ հույսեր ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի «խաղաղ պայմանագիր» իր կողմից առաջարկված հինգ սկզբունքների հիման վրա: Ավելին, Փաշինյանն իր համաձայնությունը արդեն տվել է այդ առաջարկին: Վերջինս նույնիսկ հայտարարել է, որ կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը իջեցվի», այսինքն կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանում արդարացիորեն կարծում են, որ նման հնարավորություն այլևս իրենք չեն ունենա, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է: Այստեղ արդեն հասկացել են, թե ով է իրականում ինքը, և որ նրա հնարավոր հեռացումով Ադրբեջանը կարող է կորցնել իր պատմական պահը:

Ահա, թե ինչու են Բաքվում նյարդայնացած Մոսկվայի պահվածքից: Ավելին, այստեղ այլևս չեն կարծում, որ Երևանն է նրանց ծրագրերի գլխավոր խոչնդոտը, քանի դեռ Փաշինյանն է կառավարում Հայաստանը: Եվ արդեն Ալիևը իր լրատվամիջոցների միջոցով մեսիջներ է փոխանցում Պուտինին, եթե Մոսկվան խանգարի Փաշինյանին իրագործելու իրենց ծրագրերը, ապա Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել Արցախում:

Ինչպես ասում են, ավելի անկեղծ հնարավոր չէր ասել այն, ինչ գիտեն արդեն բոլորը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

kotayk

Լրահոս