8 Հունվարի, 2025

Հայկ Սահակյանը գրում է.

Ալիևը քիչ առաջ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, թե անկախ Հայաստանը «ֆաշիստական երկիր է», «սպառնալիք տարածաշրջանի համար» ու բացահայտ սպառնացել է ոչնչացնել Հայաստանը։ Հետո հայտարարել, թե Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի»։ Խաղաղության պայմանագրի թեմայի վրա էլ է բաց տեքստով խաչ քաշել։

Նախորդ տարի էլ էր Ալիևն անընդհատ սպառնում, պնդում, թե Հայաստանի զինվելը սպառնալիք է, «Արևմտյան Ադրբեջանի» թեման պաշտոնական նախապայման դարձրեց ու ոչ միայն, բայց նման սուր ու կտրուկ ձևակերպումներով սպառնալիքներ չէին հնչել։

Սա շատ լուրջ ազդանշան է՝ Ալիևը բացահայտ հարձակվելու անոնս է անում։

Մինչ այդ էլ Բաքուն աստիճանաբար հասունացնում էր թեման քայլ առ քայլ: Հիմա կարծես պրոցեսը գործնական փուլ է մտնում։ Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի հրամանատարները մեկը մյուսի հետևից գնացին Բաքու, իսկ դրանից առաջ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակային միավորման հրամանատարն էր գնացել Անկարա ու հանդիպել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ։ Սրան գումարած՝ ռազմական անընդհատ մատակարարումները Բաքու։

Սրա ֆոնին ուշագրավ էր Stratfor-ի այն կանխատեսումը, որ Հայաստանն ԱՄՆ-ից լուրջ օգնություն չի ստանա, քանի որ Թրամփը խաղադրույք կանի Ադրբեջանի վրա՝ որպես հակակշիռ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի Կովկասում։ Թրամփի գալը, Մերձավոր Արևելքում կատարվողը, Իրանին հարվածելու հնարավոր սցենարն անմիջական կապված են Ադրբեջանի վարքագծի հետ:

 

Լրահոս