6 Մայիսի, 2024

Ազգային ժողովն այսօր շարունակել է քննարկել Դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Պատգամավորները մտքերի փոխանակության ժամանակ անդրադարձել են Դատախազության կողմից արձանագրված խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են ուշացած արդարադատությանը, այն լուծելու ուղղությամբ Գլխավոր դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ատելության խոսքի դեմ պայքարին և այլն:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է ատելության խոսքի, բռնության կոչի, խուլիգանության, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումներին և նշել. «Ուրբաթ օրը ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ինձ հարց ուղղեց: Ներողություն եմ խնդրում, բառացի պետք է մեջբերեմ՝ թքել կարելի՞ է: «Ո՛չ, թքել չի կարելի»՝ լրագրողին ուղիղ պարզաբանել եմ, չի՛ կարելի: Ամեն ինչ չէ քրեորեն պատժելի, բայց արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել: Հարցուպատասխանի ընթացքում ինձ համար ակնհայտ էր, որ յուրաքանչյուրդ անհանգստացած եք արտաքին անվտանգային հարցերի վերաբերյալ: Այդ հարցերն ինձ էլ ուղղվեցին: Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ ուզում եք մեր հայրենիքը տեսնել անվտանգ, բայց արդյո՞ք հնարավոր է լուծել անվտանգային հարցերը երկրի ներսում, եթե մենք անընդհատ միմյանց հետ խոսում ենք ատելության խոսքով: Պատասխանը միանշանակ է՝ ոչ»:

Անդրադառնալով ատելության խոսքի վերաբերյալ հարցերին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա: «Սրանք ուղղակի բառեր չեն: Սա երևում է յուրաքանչյուր քրեական գործից, յուրաքանչյուր քրեական գործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր քրեական գործով կազմվող մեղադրական եզրակացությունից: Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետևում են մարդիկ, Ձեր խոսքին հետևում են ձեր ընտրողները: Դուք նրանց վարքագծային մոդելն եք և, ըստ այդմ, կարծում եմ՝ պետք է ունենալ ինքնավերահսկողություն և բարձրացնել հարցեր՝ առանց անձնական վիրավորանքների: Բոլոր հարցերը, որոնք քննարկվեցին՝ այդ թվում տիկին Թովմասյանի կողմից մեջբերված բոլոր հրապարակումները, արդեն ստուգման առարկա են Դատախազությունում: Մենք կարծում ենք, որ սա է երկխոսության ճանապարհը: Մյուս տարբերակն էլ, որ յուրաքանչյուր տարի հավաքվենք ու քննարկենք, թե քանի քրեական վարույթ կա ատելության խոսքով՝ ում վերաբերյալ ու հաշվենք՝ ո՞ւմ նկատմամբ է շատ, ո՞ւմ նկատմամբ՝ քիչ. վստահ եմ՝ դրանից ոչ մեկը չի շահելու: Ես նաև վստահեցնում եմ, որ իրավապահ համակարգը հանցակազմի առկայության դեպքում վարույթ նախաձեռնելու է, անհրաժեշտ գործողությունները կատարելու է, հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդում հարուցելու է ու գործն ուղարկելու է դատարան, ով ուզում է լինի, ում վերաբերյալ ուզում է լինի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

«Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` Դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:  

kotayk

Լրահոս