Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը:
Այս համատեքստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության բացակայություններին:
«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4,5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ասաց ԱԺ խոսնակը, և դահլիճում ծափեր հնչեցին:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։