3 Հուլիսի, 2023

Ինչպես գրում է civic.am-ը, նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները կարգապահական խախտման հիմքով այսօր ԲԴԽ որոշմամբ  կասեցվեցին, ահռելի ունեցվածք ունի։ 42-ամյա Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝ 2022 թ գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրում հայտարարագրել է ընդհանուր 10 անշարժ գույք, որոնցից 9-ը իրեն են պատկանում միանձնյա սեփականությամբ, մեկը՝ համատեղ սեփականությամբ։ Ուշագրավ է, որ գույքերից 8-ը Հարությունյանը նվիրատվություն է ստացել։

Մասնավորապես՝ Հարությունյանն ունի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում իրեն միանձնյա սեփականությամբ պատկանող 3 բնակարան (բազմաբնակարան շենքում), որոնցից երկուսը գնվել են համապատասխանաբար 2011 եւ 2012 թվականներին, իսկ մյուսը դատավորը նվիրատվություն է ստացել 2006-ին։ Եւս 7 գույք Հարությունյանը նվիրատվություն է ստացել տարբեր տարիների։ Մասնավորապես Նորք-Մարաշում 1 հողամաս, որը նվիրատվություն է ստացել 2012-ին, Արաբկիրում գտնվող 2 ավտոտնակ, որոնք նվիրատվություն է ստացել 2006-ին, 1 շինություն՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, 1 անհատական բնակելի տուն Լոռիի Ստեփանավան համայնքում (համատեղ սեփականությամբ այս գույքի նվիրատվությունը կատարվել է 2015-ին), 2 հողամաս Արագածոտնի Բազմաղբյուր համայնքում, որոնք նվիրատվություն են արվել նույն օրը՝ 17․04․2012-ին։ Այսինքն, վերոթվարկյալ գույքերը պարոն Հարությունյանը ձեռք է բերել այն ժամանակ, երբ հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, պետական բարձր պաշտոն էր զբաղեցնում՝ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետն էր։ Հարությունյանը, հիշեցնենք, պաշտոնից ազատվեց 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ հետո։

Հարությունյանը հայտարարագրել է նաեւ 2011-ին թողարկված եւ նույն տարում գնած MITSUBISHI մարդատար տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող՝ 2003 թ․ արտադրության VOLKSWAGEN մարդատար տրանսպորտային միջոց։ Նախկին դատավորը հայտարարագրել է նաեւ իր էլեկտրոնային հաշվի վրա առկա 11,150 դրամը, որպես կանխիկ դրամ՝ 2 մլն դրամ եւ 7 հազար ԱՄՆ դոլար։

Որպես «Կրակեմ Հրաչ» հայտնի Հրաչյա Հարությունյանի որդին որպես բանկային հաշվի մնացորդ (տարեվերջի դրությամբ) տարբեր բանկերում հայտարարգրել է 276 հազար դրամ, 2 մլն 418.79 դրամ, 107 հազար 824 դրամ, 2 մլն 769 հազար 654 դրամ, 5 մլն 090.79 դրամ։ Տարեսկզբի դրությամբ նախկին դատավորի հաշվին եղել է նաեւ $ 12,650 դոլար, որը տարեվերջի դրությամբ կազմել է 0։

Հարությունյանի եկամուտներն ունեն հետեւյալ պատկերը․ նա վարձակալության դիմաց ստացել է եկամուտ ՌԴ անձնագիր ունեցող  վարձակալ Ռոստիսլավ Վալերիի Պովելիկինից՝ 800 հազար դրամ, ինչպես նաեւ Պյոտր Ալեկսանդրի Իլյինից՝ 2 հազար 250 ԱՄՆ դոլար։ <<ՍԻԹԻ ՆԵՍԹ>> ՍՊԸ-ից  որպես վարձակալության դիմաց ստացած եկամուտը կազմել է մոտ երեք մլն դրամ։ Հարությունյանը եկամուտ է ստացել նաեւ Արդարադատության ակադեմիայից՝ 118 հազար 728 դրամ եւ 20 հազար դրամ, ինչպես նաեւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»-ից ստացած 9 մլն 712 հազար 398 դրամը։ Այսինքն, 2022-ին նախկին դատավորի տարեկան եկամուտը կազմել է ընդհանուր 14 մլն 521 հազար 530.5 դրամ։

Դավիթ Հարությունյանի ծախսերի (հայտարարատուի, նրա ընտանիքի անչափահաս անդամների եւ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց) հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 15 միլին դրամ է որպես հանգստի համար ծախսել (հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս), իսկ որպես ուսման կամ այլ դասընթացների համար վճարված գումար՝ 3 մլն 670 հազար դրամ։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Դատավորների միություն ՀԿ-ի անդամ է։ Հարկ նշել, որ Դավիթ Հարությունյանը մինչև 2016 թ․ Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվելը աշխատել է դատախազությունում և քննչական մարմիններում, չի զբաղվել բիզնեսով, սակայն, փաստորեն, կարողացել է ահռելի գույք «ետ գցել»։ Նա եղել է քննիչ՝ 2003-2007 թթ, ավագ քննիչ, 2007 թ․, գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչ, 2007-2011 թթ․, Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2011-2016 թթ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝  2017թ-ից։

Հ․Գ․ Նշենք, որ նախկին դատավորի հայրը իր մահկանացուն է կնքել 2021 թ ապրիլին, կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սրտի կաթվածից։ Ինչպես ժամանակին գրել էր մամուլը՝ Հրաչյա Հարությունյանը ԱԱԾ-ի պետի տեղակալի պաշտոնից ՊՊԾ պետի պաշտոնին էր նշանակվել Սերժ Սարգսյանի թիկունքում կատարված դավադրության՝ գաղտնալսումների աղմկոտ պատմության բացահայտումից հետո: Խոսքը տարբեր պաշտոնյաներին և օլիգարխներին գաղտնալսելու և շահագրգիռ անձանց վաճառելու պատմության մասին է։

Հարկ է նկատել, որ «Մարտի 1»-ի գործի վերաբացումից եւ նախկին նախագահ Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո մամուլում  տեղեկություն հայտնվեց, թե․  «ԱԱԾ-ը առնվազն պետք է տեղյակ լիներ Մարտի 1-ին նախապատրաստվող սպանդին և կանխեր: Բայց ոչ միայն չի կանխել, այլ… Ըստ օդում համառորեն պտտվող լուրերի՝ ԱԱԾ առանցքային դեմքերը լուրջ դերակատարություն են ունեցել դրանում: «Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներին բռի մեջ պահող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը զբաղվել է մարտի 1-ին սպանդն իրականացրած դիպուկահարների տեղակայման հարցերով: Նրանցից մեկը դիրքավորված է եղել Մաշտոցի պողոտայում գտնվող «Օրբիտա» խանութի տանիքում:․․․

Տեղեկություններ կան նաև մեկ այլ բարձրաստիճան ԱԱԾ-ականի դերակատարության մասին:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանն էլ զբաղվել է դիպուկահարների զենքերի ապահովման հարցով: Նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից և իրենից ավելի վեր գտնվող ուժերի «հրահանգից», ԱԱԾ-ից դիպուկահար հրացաններ է վերցրել՝ խախտելով ընդունված ընթացակարգը՝ առանց ստորագրելու: Այլ կերպ ասած՝ մահացու զենքերը ժամանակավորապես գտնվել են նրա տնօրինության տակ, այդ ընթացքում 10 անձ է սպանվել, սակայն Կրակեմ Հրաչի պատասխանատվության հանգամանքը չի արձանագրվել իրավաբանորեն:․․․Կրակեմ Հրաչը ևս պետք է անհապաղ հարցաքննվի Մարտի 1-ի գործով՝ ինչպես վերը նշված «օդում կախված» լուրերը ճշտելու, այնպես էլ՝ ԱԱԾ-ի ձեռնարկած գործողությունների ամբողջական շղթայից՝ յուրաքանչյուրին վերապահված պարտականությունների հնարավոր սահմանազանցման հանգամանքները պարզելու համար: Նրանք պետք է ասեն, թե ինչ հրահանգ են ստացել գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանից»: Իսկ «Մարտի 1»-ի գործը՝ մասնավորապես Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերացվեց, քանի որ ՍԴ-ն հակասահմանադրական  ճանաչեց ՔՕ 300․1  հոդվածը։

 

kotayk

Լրահոս