25 Մարտի, 2026

Այսօր Ազգային ժողովում օրվա գլխավոր «մասնագետներից» մեկը՝ Հակոբ Արշակյան, վստահորեն շարունակեց իր կրթական առաքելությունը՝ որոշելով, որ քաղաքական բանավեճը չափազանց հնացած ձևաչափ է։ Փոխարենը՝ նա առաջարկում է ավելի արդիական մոտեցում․ «ասածդ կարևոր չէ, կարևորը՝ ով ես դու»։

Այսօրվա Ազգային ժողովը հերթական անգամ ապացուցեց, որ օրենսդրական գործընթացը կարելի է հաջողությամբ փոխարինել «դաստիարակության բաց դասերով»։ Եվ, իհարկե, օրվա գլխավոր դասախոսը դարձյալ Հակոբ Արշակյանն էր, ով, կարծես, որոշել էր, որ օրենքները կարող են սպասել, բայց մարդկանց «դաստիարակությունը»՝ ոչ։

Թիրախում հայտնվեց Աննա Մկրտչյանը, որի հասցեին հնչած ելույթը մի ամբողջ ժանր էր՝ անձնական ակնարկներ և ընտանեկան թեմաների ազատ կիրառություն։ Մի պահ տպավորություն էր, թե ԱԺ ամբիոնը շփոթվել է բակի նստարանի հետ, որտեղ փաստարկների փոխարեն «մատ թափ տալն» ու տոն բարձրացնելը լիովին ընդունելի մեթոդներ են։

Արշակյանը, ըստ երևույթին, վերջնականապես հրաժարվել էր դասական բանավեճից ու անցել նոր մակարդակի՝

ոչ թե «ինչ ես ասում», այլ՝ «ինչ ընտանիքից ես»։

Եվ այդտեղ արդեն քաղաքականությունը ավարտվում է, սկսվում է ժանր, որը կարելի է անվանել՝ «բանավեճ՝ առանց բովանդակության, բայց լի հնչեղ արտահայտություններով»։

Ավելին՝ «ձեր դաստիարակությունը մենք արդեն հասկացել ենք» ձևակերպումը, կարծես, ներկայացվեց որպես վերջնական փաստարկ՝ այն մակարդակի, որից հետո այլևս քննարկման կարիք չկա։ Որովհետև, ի վերջո, եթե «դաստիարակությունը» որոշված է, ապա ինչո՞ւ ժամանակ վատնել օրենքների վրա։

Մկրտչյանը, ուզած-չուզած, վերածվեց ոչ միայն քաղաքական հակառակորդի, այլ նաև այս ամբողջ ներկայացման «կենտրոնական կերպարի», ում միջոցով փորձ արվեց լուծել ոչ թե քաղաքական, այլ՝ անձնական տպավորությունների հարցեր։ Իսկ դա արդեն այն փուլն է, երբ ԱԺ-ն սկսում է ավելի շատ հիշեցնել ոչ թե խորհրդարան, այլ վատ ռեժիսուրայով ռեալիթի շոու։

Եվ ամենահետաքրքիրը՝

ամբողջ այս տեսարանում պակասում էր միայն մեկ դետալ, որպեսզի պատկերը ամբողջական լիներ,

սովորական սցենարով հաջորդ քայլը պետք է լիներ «հերթը չհասավ ծեծի» ձևաչափը։

Ի վերջո, մնում է արձանագրել՝

եթե այս տեմպը պահպանվի, Հայաստանի Ազգային ժողովում շուտով կստեղծվի նոր չափման համակարգ, որտեղ՝

1 Արշակյան = մեկ ելույթ, որտեղ քաղաքական օրակարգը լիարժեք փոխարինվում է դաստիարակության գնահատմամբ։

Իսկ օրենքները…

դրանք, ինչպես միշտ, կսպասեն իրենց հերթին՝ եթե, իհարկե, հերթը երբևէ հասնի։

Mnews.am

Լրահոս