12 Հոկտեմբերի, 2023
Նիկոլի վերջին հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետստախոսություն: Եվ որպեսզի այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող գլխին:

Փորձենք միասին վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների:

Արցախ

Այո՛, Արցախ Նիկոլի մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 ժամանոց հարցազրույցում խոսք անգամ չհնչեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության հիմնախնդիրների, անգամ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մասին: Զրո սրտացավություն, զրո բարոյականություն, զրո պատասխանատվություն: Ու այն էժան «կռուտիտը», թե հարցազրույցնարտաքին քաղաքականության մասին է, չի ծածկում Նիկոլի հոգու և մտքի հսկայական անցքերը, որովհետև այս հարցերն իրականում արտաքին քաղաքականության հարցեր են:

Բացի դրանից, «Երևանի զավթումը» օպերացիան հիմնավորելու փորձերի համար նա գտավ ժամանակ:

Գրանադա

Իշխանական քարոզչամեքենայի՝ Գրանադայի գագաթնաժողովը որպես «Հաղթել ենք» ֆռիկ-շոու ներկայացնելու ճիգերնայնքան խղճուկ ու դատարկ էին, որ Նիկոլը փորձեց անձամբ մտնել այդ տապալված թեմայի մեջ: Թե ինչ զավեշտալի է իսպանական այդ քաղաքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ ընդունված երկու հայտարարությունները որպես հաղթանակ ներկայացնելը, շատ է խոսվել և գրվել: Ավելացնեմ ընդամենը մեկ փաստարկ, որ բավարար ուշադրության չի արժանացել:

Գրանադայի հանդիպումն առհասարակ այնպիսի տապալում էր, որ կազմակերպիչներն անգամ չեղարկել էին գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսը՝ այդքան ասելիք չկար պրեսս-կոնֆերանսին սպասող 700 լրագրողներին:

Համաձայնեք, որ եթե անգամ փոքր հաջողության պատմություն գրանցվեր, PR-ի խրոնիկ կարիք ունեցող ԵՄ ղեկավարներն առիթը բաց չէին թողնի: Ուստի Գրանադայի շուրջ փաշինյանական աղմուկը «փոթորիկ մի բաժակ ջրում» շարքից էր:

Հայաստան-ԵՄ-Ռուսաստան

Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝ «սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը:

Առավել զավեշտալի էր «в постели с Брюселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ են նախկինները մեղավոր, որ 2017թ.-ին ԵՄ-ի հետ ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA-ն:

Նախ, Փաշինյանի այսօրվա գեոպոլիտիկ խաղերը ԵՄ-ի հետ բացարձակ կապ չունեն CEPA-ի հետ: Երկրորդ, CEPA-ն իրականում իմպլեմենտացիայի խայտառակ ցածր մակարդակ ուներ, և ռեալ ռեֆորմների ու գործողությունների կատարողականը շատ ցածր է: Եվ վերջապես ամենակարևորը. CEPA-ն Արցախի հարցով երաշխավորում էր ԵՄ-ի կողմից հայանպաստ քաղաքականություն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և երաշխավորմամբ:

Կարճ ասած, «Սերժի պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր:

Ի դեպ, Սերժի ժամանակներից սկիզբ առած և հետո բարեհաջող տապալված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ գործ, չկա:

Նույնքան զավեշտալի էին Հռոմի ստատուտի կապակցությամբ փաշինյանական բացատրությունները:

Նախ, Ռուսաստանում շատ լավ գիտեն և արձանագրել են այն փաստը, որ Նիկոլը ներել և ներում է Ալիևին հայերի նկատմամբ ցանկացած ագրեսիա և ռազմական հանցագործություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել գեթ մեկ քաղաքական քայլ՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, թեպետ առկա էին հսկայական փաստական բազա, միջազգային մեխանիզմներ և բարենպաստ միջավայր (օրինակ՝ Եվրոպառլամենտի համապատասխան բանաձևերը և ԵԽԽՎ մոնիտորինգային մեխանիզմները գործադրելու՝ ռուս-վրացական նախադեպը):

Եվ երկրորդ, եթե անգամ Վ. Պուտինի միջազգային հետապնդման մեկնարկը և Հայաստանի ՍԴ-ի կողմից ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ժամկետները պարզապես համընկել էին, ապա բացարձակ խնդիր չէր այդ դեպքում հետաձգել փաստաթղթի վավերացումն ԱԺ-ում: Այս փաստերը բավարար են պաշտոնական Մոսկվային Նիկոլի «պարզաբանումների» արժանահավատությունը մերժելու համար:

Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…

Նիկոլի մյուս ստերի հերձումը, որ հնչել են այդ հարցազրույցում, կշարունակեմ հաջորդ հոդվածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.10.2023թ.

kotayk

Լրահոս