3 Հուլիսի, 2023
Վերջին շրջանում ակնհայտ է դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը, ինչը շատերի համար հիմք է դարձել ենթադրելու, որ «գրոսմայստերը» ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ է պատրաստվում ներկայացնել:

Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը պետք է դիտարկել երկու հարթության մեջ: Դիցուք՝ երրորդ նախագահը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ, քննարկում Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողությունները: Բացի այդ, որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ` ակտվորեն մասնակցելով նաև ներկուսակցական կյանքին:

Երկրորդ հարթությունը դա Սարգսյանի ակտիվությունն է` միտված արտաքին խաղացողների հետ կոմունիկացիայի ձևավորմանը: Քաղաքական պարտիա խաղարկելու համար նրան անհրաժեշտ է միջազգային ակտորների վստահությունը և խոսքը այս դեպքում առաջին հերթին Մոսկվայի մասին է, որը մշապես որոշակի վերապահումով և անվստահությամբ է վերաբերվել Սերժ Սարգսյանին և այժմ վերջինս պետք է փորձի կոտրել սառույցը և շահել Կրեմլի վստահությունը: Այդ նպատակով Սարգսյանը պետք է իր թիմում ավելացնի պռո-ռուսական ուղղվածություն ունեցող խաղացողների թիվը, կամ համագործակցության գտնի թիմից դուրս գտնվող անհատների և ուժերի հետ, որոնք ընդունելի են և ինչն էլ կարևոր է՝ վստահելի են ՌԴ-ի համար: Չմոռանանք նաև Սարգսյանի վերջին հարցազրույցի ժամանակ Մոսկվային ուղղված ռևերանսը: Դիցուք՝ խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝ վերոնշյալ պրոցեսները կապեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային:  Մյուս կողմից ակնհայտ է, որ Սարգսյանի ակտիվացումը միայն ռուսական ուղղությամբ չէ: Դիցուք՝ վերջին օրերին նա հանդիպումներ է ունեցել ԵԽ բարձրաստիճան , ինչպես նաև Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Երրորդ նախագահը օրեր առաջ հանդիպել էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին:

Կարևոր է նաև նշել, որ Սերժ Սարգսյանի թիմում այսօր կան այնպիսի խաղացողներ, ում հանդեպ հանրության մի ստվար հատվածի մոտ նկատվում է  տրամադրվածության դրական փոփոխություն: Խոսքը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասին է, ում վարկանիշը վերջին շրջանում զգալի աճ է արձանագրել և նրա կալանավորումը կապվում է հենց վերջինիս ակտիվ քաղաքական կեցվածքի, իշխանություններին ուղղված ցավոտ քննադատության և վերը նշված՝ աճող վարկանիշի հետ: Աշոտյանի կալանավորումից անմիջապես հետո հանրային աջակցության  լայն շարժում  ձևավորվեց, անգամ հնչում էին բավական ռեզոնանսային ՝ «Աշոտյան՝ վարչապետ» կոչերը, ինչը խոսում է այն մասին, որ Աշոտյանը դիտարկվում է որպես լուրջ հակակշիռ Նիկոլ Փաշինյանին:  Զգալիորեն ակտիվացել է նաև Էդուարդ Շարմազանովը, ում նաև կարելի է դասել այն նախկին պաշտոնյաների թվին, ով մինչ հեղափոխությունն էլ հարաբերականորեն ընդունելի կերպար էր հանրության համար:

Քաղաքական պարտիայում ակտիվանալու համար Սերժ Սարգսյանը տիրապետում է նաև այդ ակտիվացման կարևոր նախապայման հանդիսացող ռեսուրսներին: Նախ և առաջ պետք է փաստել, որ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն հանդիսանում է կայացած քաղաքական ուժ, ինչը, անշուշտ, լուրջ առավելություն է ապահովում վերջինիս: Հաջորդ կարևոր ռեսուրսը դա մեդիա ռեսուրսն է․ գաղտնիք չէ, որ Հանրապետականը այսօր տիրապետում է մեդիա դաշտի մի ստվար հատվածին, ֆինանսավորում է այն, հետևաբար նաև այս առանցքային ռեսուրսի առումով ՀՀԿ-ն չի ունենա որևէ խնդիր: Բացի այդ, ՀՀԿ  ռեսուրսային բազայի մաս կարելի է համարել մի շարք հայտնի բլոգերների, վերլուծական շրջանակների կողմից ՀՀԿ քաղաքական-գաղափարական օրակարգի լուսաբանումը և առաջ մղումը: Եվ, իհարկե, ոչ պակաս կարևոր ռեսուրս է ՏԻՄ-ը, չպետք է մոռանալ, որ այսօր գործող համայնքապետերի զգալի մասը ՀՀԿ-ականներ են, ովքեր համաձայնել են համագործակցել ՔՊ–ի հետ և շարունակել են պաշտանավարումը: Չի բացառվում, որ հարկ եղած դեպքում Նիկոլ Փաշինյանի համար անչափ անսպասելի կերպով գործի դրվի նաև այս ռեսուրսը:

Թե երբ և ինչպես գրոսմայստերը կակտիվացնի իր քաղաքական պարտիան՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ուշագրավ կոմբինացիաները սարերի հետևում չեն: Իզուր չէ երրորդ նախագահը հենց իր շուրթերով վերջերս ազդարարել, որ ամեն ինչ կլինի իր ժամանակին…

 

 

kotayk

Լրահոս