27 Մայիսի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը
Հանրությունը շարունակում է ականատես լինել անսկզբունքային և ընտրանքային քաղաքականության միջազգային դրսևորումներին, որոնք վտանգում են մարդու անօտարելի իրավունքների գերակայության սկզունքի կիրառականությունը։ Այսպիսի երկդիմի վարք է դրսևորել Եվրախորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը, ով հեշտությամբ կուլ է գնացել ադրբեջանական սադրանքներին՝ անելով անհարկի և իրականության հետ աղերսներ չունեցող հայտարարություններ։
Հարկ է հիշեցնել, որ Խավիեր Նարտը եղել է 2023 թ․ հունվարին Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծի առաջարկի համահեղինակներից մեկը։ Բանաձևն ընդունվել է 2023 թ․ հունվարի 20-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար բնաչությունը Լաչինի միջացնքի ապօրինի շրջափակմամբ գտնվում էր հումանիտար աղետի մեջ։

Բանաձևը հորդորել է Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, կոչ է արել Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր բորբոքված հռետորաբանությունից, կոչ է արել միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, կոչ է արել ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության տակ։

Ուզում ենք տեղեկացնել Եվրախորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտին, որ իր ընդունած բանաձևի և ոչ մի դրույթ չի իրականացել, որ Ադրբեջանն այդպես էլ չի վերականագնել Լաչինի միջացնքով ազատ երթևեկությունը՝ սովամահության հասցնելով 120 հազար հայությանը, որի դրությունը և կարիքները այդպես էլ չարձանագրվեցին որևէ փաստահավաք առաքելության կողմից։ Հարկ է հիշեցնել նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը այլևս ոչ թե պատանդ է, այլ փախստական։
Հավելենք նաև, որ Ադրբեջանը փաստացի ժխտում է Լեռնային Ղարաբաղի հայության վրադարձի իրավունքի իրացումը՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցմամբ, հայկական ազգային-մշակութային կրոնական կառույցների ոչնչացմամբ և պղծմամբ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի պատգամավորի երկդիմի վարքը՝ սթափության կոչ անելով վերջինիս և հորդորելով դիմել հստակ միջոցների «քաղաքական հիշողության» երկարատևության և քաղաքական սկզբունքների կայունության ապահովության ուղղությամբ։
kotayk

Լրահոս