8 Հոկտեմբերի, 2023
«Հանրային Ձայն» կուսակցությունը հիմնադրվեց մեկ տարի առաջ` 2022թ-ի հոկտեմբերի 6-ին։ Ի սկզբանե, այն հանդես եկավ որպես ռադիկալ ընդդիմություն և այլնտրանք ժողովրդի վզին փաթաթված ներկա֊նախկին խաղին։ Երևանի ընտրություններին շատերի համար անսպասելի «Հանրային Ձայնը» հավաքեց 10% քվե և ստացավ յոթ մանդատ, ընդ որում դառնալով ներկա֊նախկին խաղի միակ բալանսավորողը, քանի որ ոչ ներկաները և ոչ էլ նախկինները առանց «Հանրային Ձայնի» աջակցության ոչ միայն որոշում չեն կարող ընդունել, այլ նույնիսկ քվորում չեն կարող ապահովել։

Ընտրություններից հետո, նախկինների ներկայացուցիչ, իբր նախկին ՔՊ- ական Հայկ Մարությանը սկզբում «Հանրային Ձայն»–ին առաջարկեց առանց նախապայմանների իրեն ընտրել քաղաքապետ, իսկ մերժում ստանալուց հետո Նիկոլի պես հայտարարեց, որ Երևանի քաղաքապետը կամ ինքն է, կամ Երևանը քաղաքապետ չի ունենա և սկսվեց «Հանրային Ձայնի» դեմ ներկա֊նախկին դուետի մեդիատեռորը մեզ ավագանու նիստի բոյկոտին հակելու և ավագանու նոր ընտրության գնալու նպատակով։

Որպեսզի հասկանանք մեզ առաջարկվող բոյկոտի բուն նպատակը, պետք է սկզբում վերլուծել ընտրության արդյունքները և պարզել, թե կոնկրետ ինչն է փորձում նոր ընտրության միջոցով վերախմբագրել ներկա-նախկին դուետը։

Այսպես` ընտրության արդյունքներով արձանագրվեց`

1. ՔՊ-ն Երևանում ունի ընտրողների ընդամենը 9% քվե։

2. ՔՊ-ն նույնիսկ իր կցորդ «Հանրապետություն» կուսակցության հետ միասին կորցրեց մեծամասնությունը ավագանիում և առանց «Հանրային Ձայնի» որևիցե որոշում չի կարող կայացնել, այլ կերպ ասած ՔՊ-ն իշխանազրկվեց Երևանի ավագանիում։

3. Նախկինները կորցրեցին միակ «ընդդիմությունը» լինելու և ներկա-նախկին խաղի միջոցով ՔՊ-ի իշխանությունը անձնական շահագռգռվածությունից ելնելով պահելու մենաշնորհից։

4. Հանրային Ձայնի պատվավոր նախագահ` Վարդան Ղուկասյանը մեր յոթ մանդատով փաստացի վերահսկողություն սահմանեց քաղաքապետարանի ամբողջ գործունեության նկատմամբ, իսկ թե դա ինչ «հաճելի» անակնկալներ է բերելու քաղաքապետին և աշխատակազմին միայն ժպիտով կարելի է պատկերացնել, այլ կերպ ասած, նոր քաղաքապետը դատապարտված է կամ իրոք ծառայել Երևանցուն, կամ Վարդան Ղուկասյանը` «Հանրային Ձայնը նրա պաշտոնավարումը կվերածի դժոխքի, իսկ հասարակությունն էլ կիրազեկվի քաղաքապետի ապօրինություններից, այստեղից բխող անցանկալի հետևանքներով։ Այս իրականությունը բնականաբար ձեռք չի տալիս ներկա- նախկին դուետին և հենց այս իրականությունն են փորձում վերափոխել, այն է` «Հանրային Ձայնին» ավագանուց հանել, նոր ընտրություններով։ Հենց սա է պատճառը, որ մեզ նիկոլական պիտակավորելով փորձում են հարկադրել բոյկոտել ավագանու նիստը և գնալ նոր ընտրության։ Զավեշտալին այն է, որ մեզ բոյկոտի դրդելու առաջին արգումենտը որ բերվում է, դա «միայն թե Ավինյանը չլինի» սկզբունքն է։ Հարցին թե ինչո՞վ են իրարից տարբերվում, ազգը սև ու սպիտակի բաժանելու միջոցով պառակտած, նախկին ՔՊ-ական Հայկ Մարությանը և Ավինյանը այդպես էլ որևիցե ողջամիտ պատասխան չստացանք։

Մյուս արգումենտը, որ բերում են, դա այն է, քանի որ ՔՊ-ն կալանավորել է ինձ, ընտանիքիս անդամներին, կուսակցության անդամներից վեցին, ապա բնականաբար Վարդան Ղուկասյանը և ես պետք է վրեժ լուծենք ՔՊ-ից,, այսինքն դառնանք «աբիժնիկ։ Ստիպված ենք հիասթափեցնել ներկա-նախկին դուետին։ Նախ ձեր մեդիատեռորից ոչ մեկս չենք վախենում, առավել ևս հետաքրքիր է տեսնել այն անձին, կամ լրատվականին, ում մտքով կանցնի Վարդան Ղուկասյանի հետ ճակատամարտել մեդիատիրույթում։

1. «Հանրային Ձայնը» «աբիժնիկ» չէ, իր որոշումները կայացնում սթափ քաղաքական ձևաչափով , բավական է հիշել Վարդան Ղուկասյանի «լավին լավ, վատին վատ կարգախոսը»։

2. Մեզ համար նախկին ՔՊ-ական հասկացություն չկա և Մարությանն ու Ավինյանը դիտարկվում են որպես մեկ ամբողջական մարմին։

3. Երևանցին մեզ բոյկոտի քվե չի տվել, իսկ սահմանային այս իրավիճակում և 100 000-ից ավել փախստականի առկայության դեպքում նոր ընտրությունների գնալը մեզ համար համարժեք է դավաճանության և պետական ռեսուրսի անիմաստ վատնման։

4. Հանրային Ձայնը ընտրությունների արդյունքներից այս պահին բավարարված է, քանի որ ՔՊ վարկանիշի անկումը արձանագրված է, ՔՊ-ն ավագանիում իշխանազրկված է, մեր ձայնը որոշիչ է ավագանիում, որով էլ վերահսկողություն ենք սահմանել քաղաքապետարանի նկատմամբ։

Ելնելով վերոգրյալից էլ, որոշել ենք չմասնակցել բոյկոտին, գնալ ավագանու նիստին և հավատարիմ մեր նախնտրական խոստմանը` քվեարկել բոլորին դեմ։ Դե իսկ ներկա-նախկին դուետին խորհուրդ կտամ համակերպվել այն մտքի հետ, որ «Հանրային Ձայնը» որպես երրորդ ` այլնտրանքային ուժ այլևս իրողություն է։

Արտակ Գալստյան

kotayk

Լրահոս