9 Հոկտեմբերի, 2025
Անհետ կորած անձանց հարցը համաշխարհային ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Այս մասին ասվել է նախագահ Իլհամ Ալիևի «Անհետ կորած անձանց հարցը լուծելու համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը նախ Հայաստանին է մեղադրել Արցախյան հակամարտությունը 30 տարի առաջ սկսելու մեջ, սպա նաև նշել, որ պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ողբերգություններից մեկն այն է, որ մինչև 4000 ադրբեջանցիներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, անհետ կորել են։

«Մեր հողերի գրավումից հետո այս տարածքներում հայտնաբերվել է 29 զանգվածային գերեզման։ Գերեզմաններում հայտնաբերված մնացորդների ուսումնասիրությունը վկայում է, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են սարսափելի խոշտանգումների։ Սա չափազանց տխուր պատկեր է։ Մարդկանց զանգվածային ոչնչացումը խոշտանգումների, անմարդկային թաղումների և հանցագործության հետքերի թաքցման միջոցով միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են»,- ասել է Ալիևը, որի զինվորները հայտնի են մարդկանց գլուխներ կտրելով, տարեցներին խոշտանգելով:

Ղարաբաղյան պատերազմում անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը միշտ եղել է մեր առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը։  Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովը գործում է 1993 թվականից: Մինչ օրս պատերազմի ընթացքում անհետ կորած 187 մարդ է նույնականացվել և թաղվել,- նշել է Ալիևը:

Համատեղ հռչակագրի ստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, պատմական մեծ իրադարձություն է և նաև նոր հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար,- հավելել է Ալիևը:

Հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ խաղաղության համաձայնագրում հատուկ հոդվածի ներառումը ցույց է տալիս, թե որքան կարևորում ենք մենք տալիս այս հարցին: Ինչպես ամրագրված է համաձայնագրում, այդ անձանց ճակատագրերի պարզաբանումը կողմերի միջև հաշտեցման և վստահության մթնոլորտ ստեղծելու կարևոր միջոց է: Այս տեսանկյունից, հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկացնի իրենց կողմից սպանված ադրբեջանցիների այլ զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին,- եզրափակել է Ալիևը:

Լրահոս