Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը, այդ մասին ասել է Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։ Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,-մատնանշել է դեսպանը։
Հակոբյանը մանրամասնել է, որ ընթացիկ տարում Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկխոսության շրջանակում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։