24 Հունվարի, 2025
«Պատերազմն ավարտվեց, իսկ Լևոնից որևէ լուր ստանալ մեզ չհաջողվեց։ Հանդիպել եմ իր հետ եղած անձնակազմին, բայց որևէ մեկը հստակ ոչինչ չէր ասում։ Տեղ չի մնացել, որ չդիմեինք, սակայն, ապարդյուն։ Տեղափոխվեցինք Հայաստան ու այստեղ շարունակեցինք մեր որոնումները»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Բաքվում գերեվարված Լևոն Բալայանի կինը՝ Նաիրան։

Հետո Արցախի փրկարարները ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ուղղություններում սկսել են որոնողական աշխատանքները, որի արդյունքում ողջ ու զոհված բազմաթիվ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են հայտնաբերվել։ Զոհվածների աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դիահերձարան, ավելի ուշ՝ Հայաստանի դատաբժշկական փորձաքննության կենտրոններ։ Սակայն, կնոջ խոսքով՝ Լևոնից ոչ մի տեղեկություն։

«Շատ անելանելի վիճակում էինք։ Իսկ հետո…. 2023 թվականի հոկտեմբերի 7-ին զանգ ենք ստացել Բաքվից, նախ խոսել է ադրբեջանցի զինվորականը, այնուհետև հեռախոսը փոխանցել ամուսնուս։ Լևոնն ասաց, որ գերության մեջ է»,- պատմել է կինը։

Նաիրայի խոսքով՝ 46-ամյա ամուսինը գերեվարվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի ձախ կողմում գտնվող հեռահաղորդակցման աշտարակի (3 վիշկա) մոտակայքից։ Այնուհետև մյուս գերեվարված անձանց հետ նրան էլ տեղափոխել են Բաքու։

«Այդ օրվանից սկսվել են մեր տառապանքները, հույսերն ու սպասումները։ Անհամբերությամբ սպասել ենք դատավարությանը։ Ու մեծ հավատ ունեմ, որ բաց կթողնեն ու կմիանա իր ընտանիքի անդամներին»։

Կինը տեղյակ չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրել ամուսնուն, սակայն, հետևել է դատի ընթացքին։ Ասում է՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում Լևոնի տեսքը գրեթե նույնն է, չի փոխվել, ինչը հավատ է ներշնչել, որ գոնե պահման պայմանները վատ չեն։

Նաիրան վստահ է, որ Բաքվի դատախազությունը ազատ կարձակի Լևոնին ու մյուս գերեվարված անձանց։

Լևոն Բալայանը միևնույն բանտախցում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի ու ևս մեկ աշխարազորայինի հետ։ Ընտանիքի հետ կապ են հաստատում յուրաքանչյուր շաբաթ՝ չորեքշաբթի օրերին։

 

 

Լրահոս