13 Հոկտեմբերի, 2023
MediaHub-ը գրում է․ Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։

Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։

MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ։ Մեզ փոխանցեցին, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ այս պահին իր մասին որևէ տեղեկություն չկա։

«Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով՝ համատարած լյռությունը։

Հիշեցնենք, որ մինչ օրս Բաքուն հրապարակել է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալման կադրերը: Ուրբաթ օրը, տևական լռությունից հետո, հրապարակվեց նաև Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի լուսանկարը՝ գրադարանից: Սակայն Լևոն Մնացականյանից որևէ լուսանկար ու տեսանյութ մինչ օրս չկա:

 

 

kotayk

Լրահոս