7 Փետրվարի, 2026

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգը գործում է ոչ թե պատահական, այլ կանխամտածված և նպատակաուղղված ձևով։ Երբ պետությունը սկսում է ապօրինի կամ կասկածելի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներ, անմիջապես գործի են դրվում նույն մեխանիզմները՝ վստահված անձինք, լիազորագրեր, արտասահմանում գրանցված ընկերություններ և շտապ իրականացվող գործարքներ։ Նպատակը մեկն է՝ դատական ակտերի իրական ազդեցությունը չեզոքացնել և գույքը փաստացի հանել պետության վերահսկողությունից՝ ստեղծելով «օրինականության» պատրանք։

Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների գործը այս երևույթի դասական օրինակն է։ Արգելանքի տակ գտնվող Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերության» բաժնետոմսերը, ըստ մեղադրանքի, վաճառվել են լիազորագրի միջոցով այն ժամանակ, երբ ընկերությունը գտնվում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Սա պարզապես իրավական տեխնիկական խախտում չէ, այլ հաշվարկված փորձ՝ շրջանցելու դատական գործընթացը, ժամանակ շահելու և կապիտալը դուրս բերելու պետական վերահսկողությունից։

Սակայն այս պատմությունը միայն իրավական հարթության մեջ դիտելը միամտություն կլինի։ Ծառուկյանի շուրջ տարիներ շարունակ կառուցված «քաղաքականությունից դուրս բիզնեսմենի» առասպելը վաղուց փլուզված է։ Հայաստանում անհնար է պատկերացնել, որ հնարավոր լիներ դառնալ թիվ մեկ օլիգարխներից մեկը՝ առանց իշխանությունների հետ գնացած գործարքների, առանց քաղաքական հովանավորության և առանց համակարգի ներսում դիրքավորվելու։ Նրա կապիտալը չի կուտակվել քաղաքական չեզոքության պայմաններում․ այն ձևավորվել և ամրապնդվել է նախկին իշխանությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաշվին։

Քաղաքական առումով Գագիկ Ծառուկյանը երբեք չի եղել իրական ընդդիմադիր։ Նա ոչ մի անգամ չի պայքարել համակարգի դեմ գաղափարական կամ սկզբունքային հիմքով։ Փոխարենը մշտապես հանդես է եկել որպես«ընդդիմություն», որը իրականում եղել է գրպանային, վերահսկելի և վտանգ չներկայացնող ուժ։ Նրա քաղաքական ակտիվացումները միշտ համընկել են միայն մեկ բանի հետ՝ այն պահերի, երբ վտանգվել է սեփական կապիտալը կամ ազդեցությունը։

Այստեղ է, որ ամեն ինչ դառնում է առավել քան պարզ։ Ծառուկյանի քաղաքական ակտիվացման նպատակը երբեք չի եղել իշխանափոխությունը, բարեփոխումները կամ հանրային շահի պաշտպանությունը։ Նպատակը եղել և մնում է սեփական կարողության, բիզնեսի և անձնական անվտանգության ապահովումը։ Քաղաքականությունը նրա համար ոչ թե գաղափարների պայքար է, այլ ապահովագրական մեխանիզմ՝ ճնշումներից խուսափելու, գործարքների մեջ մտնելու և համակարգի ներսում պաշտպանված դիրք զբաղեցնելու համար։

Այս համատեքստում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնությունը չի կարելի ընկալել որպես քաղաքական պայքար։ Սա պաշտպանական քայլ է։ Քաղաքական դաշտ մտնելը վերածվում է գործիքի՝ իրավական գործընթացների վրա ազդեցություն ունենալու, ժամանակ շահելու և անհրաժեշտ պահին նոր պայմանավորվածություններ ձևավորելու համար։ Այստեղ խոսքը ոչ թե հանրային պատասխանատվության, այլ սեփական կապիտալի պահպանման մասին է։

Տարիներ շարունակ Հայաստանում գրեթե չի եղել օլիգարխ, որը լիարժեք և թափանցիկ գործի հարկային ու իրավական դաշտում՝ առանց ստվերային սխեմաների և քաղաքական հովանավորության։ Իսկ Ծառուկյանի գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օլիգարխիկ մտածողությունը ոչ միայն չի վերացել, այլ այսօր էլ փորձում է վերարտադրվել՝ «ընդդիմության» քողի տակ։

Այս պատմությունը մի մարդու մասին չէ։ Սա համակարգի մասին է, որտեղ քաղաքականությունը օգտագործվում է որպես վահան, իսկ ընտրությունները՝ որպես ապահովագրություն։ Քանի դեռ օլիգարխը կարող է քաղաքականությամբ պաշտպանել ապօրինի կուտակած կապիտալը, Հայաստանում իրական քաղաքական մրցակցություն չի լինի։ Իսկ մինչև հասարակությունը չսկսի տարբերել իրական ընդդիմությունը գրպանայինից, նույն դեմքերը շարունակելու են վերադառնալ՝ ոչ թե երկիրը փոխելու, այլ սեփական ունեցվածքը փրկելու համար։

Mnews.am

Լրահոս