Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․
«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:
Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։
Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։
Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։
Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։
Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։
Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը»։