15 Հունվարի, 2025
Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին Հայաստանի կառավարության՝ խորհրդարանին օրինագիծ ուղարկելու որոշումը իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու նախաձեռնություն. լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի հնարավոր մերձեցման քննարկումը վաղուց է ընթանում, և այս ֆոնին ռուսական բիզնեսն արդեն սկսել է որոշակի ոլորտներում կրճատել գործունեությունը հայկական շուկայում։

«Ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը։ Երկար ժամանակ է խոսվում է Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին։ Քննարկումներ եղան, սակայն հինգշաբթի՝ 2025 թվականի հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը իրավական առումով նշանակալի քայլ կատարեց՝ աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հռչակող օրինագծին։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը։

Նա ընդգծել է, որ չնայած ԵՄ-ին անդամակցության քննարկման գործընթացի մեկնարկին, Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵԱՏՄ երկրների շուկաները։

«Հաջորդ քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը։ Նրանք կա՛մ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում, չեն ծրագրում հեռանալ, կա՛մ կգնահատեն, թե որտեղ իրենց համար ավելի լավ կլինի։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​նշել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը։

««Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որ ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր։

11 ամսվա թարմ վիճակագրություն է եկել. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ ավելի փոքր է և նվազում է։ Սա է ասում տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է փոխվարչապետը։

Հայաստանի գործողություններն արդեն ազդել են ռուս-հայկական տնտեսական համագործակցության վրա․ «Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում։ Մենք տեսանք, որ բիզնես ակտիվությունը սկսեց նվազել մի շարք ոլորտներում»,- ասել է Օվերչուկը։

 

Լրահոս