28 Մայիսի, 2024
Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, որ իմ բովանդակ ուժերով կուսակցություն, մեդիառեսուրս, աջակցում եմ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ավելորդ չեմ համարում նաև արձանագրումը, որ Սրբազանի հետ մտերմություն ունեմ Շարժման մեկնարկից շատ առաջ ու այդ մտերմությունը պահպանվելու է անկախ շարժման արդյունքից:

Միով բանիվ, անկաշկանդ հայտնում եմ իմ անհամաձայնությունը, երբ պատվելի Սրբազանի կամ հարթակի կողմից հնչում է քաղաքական բովանդակություն, որը չի համապատասխանում իմ պատկերացումներին:

Դեռ նախորդ օրը գրել էի, որ, չնայած մայիսի 26-ի տպավորիչ հանրահավաքին, չի ներկայացվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հստակ գործիքակազմը, ճանապարհային քարտեզը

«Արտահերթ ընտրությունների հարց մենք չենք քննարկում։ Իմաստ չկա խոսել այդ մասին»,- այսօր ասել է Բագրատ Սրբազանը:

Այս մտքի հետ, բնականաբար, համերաշխ չեմ, որովհետև վստահաբար դա է ներքաղաքական այսօրվա ճգնաժամի ամենատեսանելի և հասանելի լուծումը, նաև ճանապարհը, որի միջոցով իշխանությունից կարող ենք հեռացնել Փաշինյանին:

Եթե արտահերթ ընտրությունների գաղափարը օրակարգային չի համարվում, ապա պետք է տեսանելի ներկայացվի իմպիչմենթի կամ հեղափոխությանը հասնելու(փողոցով Փաշինյանին հրաժարականի պարտադրում) հստակ ճանապարհային քարտեզ:

Ցավոք, խորհրդարանական ընդդիմությունը գոնե առայժմ չի ցանկանում մտնել իմպիչմենթի գործընթացի պատասխանատվության տակ, թերևս, գիտակցելով, որ դրա հնարավոր ձախողումը բերելու է իրենց մանդատի արժեզրկման կամ առաջացնելու է ԱԺ մանդատներից հրաժարման հանրային իմպերատիվ:

Սակայն իմպիչմենթը և մանդատներից հնարավոր հրաժարումը չպետք է դիտարկել որպես վերջնական արդյունք ապահովող նպատակ. դրանք ընդամենը գործիքներ են, որոնք, անկախ արդյունքից, քաղաքական առումով «մաշեցնելու» են իշխանությանը, նրան զրկելու են մանևրելու հնարավորությունից, գեներացնելու են փողոցը նրան դարձնելով ավելի մոտիվացված:

Իմպիչմենթի հեռանկարին առանձնապես չեմ հավատում(այնուամենայնիվ, պարտադիր գործընթաց է), բայց ընդդիմության մանդատներից հրաժարումը կարող է էապես գեներացնել շարժումը:

Կարո՞ղ է դա բերել հեղափոխության:

Դժվարանում եմ միանշանակ պնդում անել, որովհետև պետք չէ թերագնահատել մեր հասարակության ֆոբիաները ներքաղաքական անկայունության և հնարավոր պատերազմի ռիսկերի առնչությամբ:

Իսկ իմպիչմենթի գործընթացը կամ ընդդիմադիր մանդատներից հրաժարումը կարո՞ղ են բերել իշխանության ճգնաժամի խորացման:

Պատասխանը գրեթե միանշանակ դրական է:

Այս ճանապարհն իշխանության համար խնդրահարույց է լինելու բոլոր առումներով. ներքաղաքական կյանքում վստահության ճգնաժամը կառաջացնի իշխանության դիսֆունկցիա, իսկ արտաքին դերակատարների մոտ Փաշինյանի իշխանությունը կկրոցնի վստահելիությունը և հուսալիությունը:

Ահա, այս իրավիճակի հանգուցալուծումը դառնալու են արտահերթ ընտրությունները, որոնք գրեթե անխուսափելի հանգեցնելու են իշխանափոխության անկախ ընտրություններին Փաշինյանի մասնակցել- չմասնակցելու հանգամանքից: Եթե անգամ այս իշխանությունը կազմակերպի ընտրությունները, պարտվելու է, որովհետև փոփոխությունների մոտիվացիա ունեցող հասարակության և ակտիվ փողոցի պարագայում վարչական ռեսուրսի կամ ներգործության էֆեկտը որոշիչ չեն: Դրանք որոշիչ չեղան անգամ Երևանի ընտրությունների ժամանակ, երբ իշխանության դաշնակիցը ոչ թե վարչական ռեսուրսն էր, այլ ավագանու «դասալիք» ընդդիմադիրները:

Հենց շարժումը, ընդդիմությունը հստակ հայտարարեն, որ ընտրություններից չեն վախենում դա կդառնա  Փաշինյանի քաղաքական վախճանի մեկնարկը:

Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, Փաշինյանը քաղաքական ռեաբիլիտացիայի շանս չունի, բայց դա հնարավոր է ոչ թե բլիցկրիգի, այլ մի քանի ամսվա հետևողական ինստիտուցիոնալ պայքարի արդյունքում»:

Լրահոս