26 Նոյեմբերի, 2025

«Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ղեկավարման ժամանակահատվածի հարցերից։ Վամպիրի պես սնվում է, ուժեղանում-ուժեղանում է, սկսում է  ռեպրեսիաներ, խախտումներ անել։ Իմ կարծիքով, քանի դեռ համակարգում, որը նստած է երկու թևերի վրա, նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չի լինելու»,-լրագրողների հետ ընթացող ասուլիսում հայտարարեց նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական ուժի հիմնադիր Արման Թաթոյանը։

Նրա գնահատմամբ, Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրապայքարին, Փաշինյանը նրանց համար իրեն փորձում է  դարձնել ընդդիմություն։

«Նա նախկին նախագահներին կարող է ասել, հա, այսինչը չեք արել։ Ես Փաշինյանին հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ, թող գա, մի հատ տեսնենք՝ ինչպես է այդ հարցերին պատասխանելու, թող նախկինից խոսա, ներկայից խոսա, բայց ես նախընտրելու եմ իհարկե երկրի ապագայից խոսել»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել ընտրապայքարին, իր մոտ հարց է  առաջանալու, իսկապե՞ս նրանք ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, թե՞ այլ նպատակմներ ու հարցեր կան։

«Դրա համար կարծում եմ, դա ճիշտ տարբերակն է»,-ասաց նա։

Լրահոս