«Ռասիա մոլ»-ի աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակը այլևս մեկ բիզնեսի ներքին խնդիր չէ։ Սա հերթական օրինակն է, թե ինչպես են ընտրություններից առաջ մարդկանց կանգնեցնում սոցիալական փակուղու առաջ՝ իշխանության լիակատար անգործության պայմաններում։
Տասնյակ տարիներ նույն վայրում աշխատած մարդիկ այսօր փաստի առաջ են կանգնած․ Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցվել է պահանջ՝ մինչև մարտի 15-ը ազատել տարածքները։ Արդյունքում տասնյակ ընտանիքներ զրկվում են եկամտի միակ աղբյուրից։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունը պարտավոր էր կանխել սոցիալական հերթական ճգնաժամը։
Ստեղծվում է լուրջ հարց՝արդյո՞ք այս գործընթացը դիտավորյալ չի կատարվում ընտրություններից առաջ, որպեսզի հասարակության մեջ խորանա հիասթափությունը, վախն ու անորոշությունը։ Մարդկանց հացից կտրելը միշտ էլ եղել է քաղաքական ճնշման ամենաարդյունավետ գործիքներից մեկը։
Այս պատմության մեջ առանձնապես աչքի է ընկնում մի հանգամանք․
Խաչատուր Սուքիասյանը հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, չի առաջադրվելու, չունի ընտրողի վստահության կարիք։ Եվ հենց դա է ավելի ազատ դարձնում նրա գործողությունները։ Բայց հարց է առաջանում՝
ինչո՞ւ է իշխանությունը լռում, երբ խոշոր խաղացողը փաստացի քանդում է տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգությունը։
Այսօր նա խոշոր խաղացող է, վաղը՝ մեկ ուրիշը։ Աշխատատեղեր ունեցող, հարյուրավոր մարդկանց վրա ազդեցություն ունեցող բիզնեսը գործում է առանց որևէ սոցիալական պարտավորության, իսկ պետությունը՝ առանց որևէ միջամտության։
Մեծ տարիքի կանայք կրկին ամենախոցելին են։ Մարդիկ, ովքեր տարիներով աշխատել են, վճարել հարկեր, պահել ընտանիքներ, այսօր կանգնած են պարզ հարցի առաջ՝
որտե՞ղ աշխատեն, ինչպե՞ս ապրեն, ո՞վ է պատասխան տալու իրենց վաղվա օրվա համար։
Այս ամենը անխուսափելիորեն հիշեցնում է անցյալի մեթոդները։ Այսօր նույն մեխանիզմներն են աշխատում՝ պարզապես այլ անուններով ու այլ դերակատարներով։ Իսկ տուժողը նույնն է՝ շարքային քաղաքացին։
Եթե իշխանությունը շարունակի լռել, ապա «Ռասիա մոլ»-ի դեպքը կդառնա ոչ թե մեկ կոնֆլիկտ, այլ հերթական ապացույցը, որ ընտրություններից առաջ սոցիալական վատթարացումը պատահական չէ։ Դա արդյունք է այն քաղաքական իրականության, որտեղ խոշոր խաղացողները ազատ են, իսկ մարդը՝ անպաշտպան։
Քրիստինե Ավագյան