Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։
Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն