26 Հունվարի, 2022

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ է մշակում: Այս նախաձեռնության պատճառն իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթն էր ընդդեմ լրագրողների։ «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց՝ մի քանի օրից շրջանառության մեջ կդնեն նախագիծը: Այս մասին գրում է azatutyun.am-ը:

«Պետք է ըստ արժանագույնս գնահատենք ինչպես իրավիճակը, այնպես էլ պատգամավորի վարքագիծը, որովհետև ընդհանրապես չի կարելի որևէ մասնագիտական համքարարության մասին այդպիսի բան ասել, անկախ նրանից, թե դու ինչ վերաբերմունք ունես, առավել ևս երկրի թիվ մեկ ամբիոնից», – ասաց նա:

Պատգամավորը նախագծի բովանդակությունն առայժմ չի մանրամասնում, բայց ասաց` Ալեքսանյանի ելույթը միակը չէ, նախագծում այլ դեպքեր էլ կներառեն, որ անհրաժեշտ է քննարկել. «Առիթները, ցավոք սրտի, շատ են»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանյանն անցած շաբաթ անդրադարձել էր հեռուստաընկերություններին ու հայտարարել, թե պատերազմից հետո գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ատելության խոսք են տարածում, ու այդ լրագրողները «վերբալ մարմնավաճառներ են»: «Նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են», – մասնավորապես ասել էր նա:

Մեկ տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ դատապարտել են իշխանության ներկայացուցչի վարքագիծը և պահանջել, որ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ձևավորեն ու քննարկեն հարցը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում դեռևս դիրքորոշում չունեն «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ հարցը դեռ չեն քննարկել. «Քանի որոշում չկա, դրա համար ձեռնպահ կմնամ, բայց ինքնին ինքը շատ կարևոր գործիք է էթիկայի հանձնաժողովը, որպեսզի դաս լինի մնացած բոլոր քաղաքական գործիչների համար, թե ինչպես չի կարելի շփվել մամուլի հետ»:

kotayk

Լրահոս