23 Մայիսի, 2024

«Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնում ենք Գավառ համայնքի Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0.431 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա կառուցված շենք-շինությունը։ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը մոտ 30 մլն դրամ է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա հայտնեց, որ Դատախազությունն առաջարկել է, և առաջարկն ընդունվել է, որպեսզի գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին։

«Որոշման նախագծով ամրագրվել է, որ անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումները և նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասաց դատախազը։

Վարդապետյանը տեղեկացրեց, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռքբերված է եղել օրենքի խախտմամբ, որի վերաբերյալ կա քրեական վարույթ։

«Անկեղծ ասած, ես սկզբից մտադրություն ունեի շենքը հիմնահատակ քանդելու, քանի որ գույքը կառուցված էր 60-րդ հոդվածի սահմանափակում ունեցող տարածքում՝ մանկատանը պատկանող այգում, բայց հետագայում, նաև գույքի հնարավոր պոտենցիալը տեսնելով, գործընկերների հետ քննարկեցինք, որ ավելի ճիշտ կլինի որպես հանրային սննդի օբյեկտ՝ գարեջրատուն ծառայող տարածքը տալ մանկատանը, որպեսզի մանկատունը կարողանա կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնել երեխաների համար»,- ասաց գլխավոր դատախազը։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 8 ամիսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում պետական սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով, և Հայաստնի սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ը արդեն մուտք է արված գանձապետական հաշվին։

Նա նշեց, որ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք։

kotayk

Լրահոս