13 Մայիսի, 2026

Մանկավարժական համալսարանի շուրջ ամիսներ շարունակվող պատմությունը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Քրեական գործ, ձերբակալություններ, պաշտոնեական կեղծիքի ու լիազորությունների չարաշահման մեղադրանքներ, աշխատանքից ազատումներ, ներսից հնչող դժգոհություններ,և այս ամենի ֆոնին՝ գրեթե կատարյալ լռություն։

Ապրիլի 18-ին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Մանկավարժականի համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին և նրա որդուն։ Մեղադրանքները բավական ծանր էին, որպեսզի համալսարանում սկսվեր առնվազն կոշտ վարչական արձագանք։ Բայց տեղի ունեցավ հակառակը։

Ոչ աղմկոտ հայտարարություններ եղան, ոչ պաշտոնանկություններ, ոչ էլ այն արագ գործողությունները, որոնք նույն բուհում նախկինում կիրառվել էին ուրիշների նկատմամբ։

Ու հենց այստեղ սկսվում է ամենահակասական հարցերից մեկը։

Հոկտեմբերին նույն համալսարանի այլ աշխատակիցների դեպքում համակարգը ժամերի ընթացքում արձագանքեց,մարդիկ զրկվեցին լիազորություններից, գործընթացները տեղափոխվեցին իրավական դաշտ, իսկ բուհը շտապեց «հեռավորություն պահել» նրանցից։

Իսկ հիմա՞։

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը շարունակում է մնալ համակարգում, իսկ պաշտոնական կառույցները մինչ օրս որևէ հստակ հրապարակային արձագանք չեն տվել։

Բուհի ներսում, միևնույն ժամանակ, խոսում են փակ շրջանակների և ազդեցությունների մասին։ Ուսանողների մի մասը նույնիսկ ասում է, որ գրեթե չի ճանաչում Իսպիրյանին՝ նրան տեսնելով միայն պաշտոնական միջոցառումների լուսանկարներում։ Սակայն աշխատակիցների խոսակցությունները շատ ավելի ծանր են։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մարիամ Իսպիրյանը տարիներ շարունակ համարվել է նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ազդեցության շրջանակների հետ կապվող անձանցից մեկը։ Աշխատակիցների պնդմամբ՝ համալսարանում որոշ նշանակումների շուրջ տարբեր քննարկումներ են եղել։

Բայց ամենահաճախ հիշատակվող անուններից մեկը, որ ամիսներ շարունակ պտտվում է կուլիսներում, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանն է։

Տարբեր հրապարակումներ ու ներսի խոսակցություններում հիշատակվում է նաև նրա անունը։ Սակայն մինչ օրս որևէ հստակ հերքում կամ բացատրություն չի հնչել։

Ինչո՞ւ։

Եթե Արման Անդրիկյանի անունը անհիմն է շրջանառվում, ապա ինչո՞ւ նա չի արձագանքում։ Ինչո՞ւ չեն պատասխանում լրագրողների հարցերին։ Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը ամիսներով հետևում է այս աղմուկին ու շարունակում լռել։

Թե՞ խնդիրը հենց այն է, որ հարցերը շարունակում են մնալ բաց։

Ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս,համալսարանում արդեն բաց խոսում են լարված մթնոլորտի մասին։ Շատերը չեն ցանկանում հրապարակային մեկնաբանություններ տալ, բայց նույն անուններն ու նույն պատմությունները կրկնվում են տարբեր մարդկանց կողմից։

Եվ հիմա գլխավոր հարցը սա է՝

արդյո՞ք հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում գործում է բոլորի համար նույն կերպ, թե կան շրջանակներ, որոնց դեպքում օրենքը դառնում է չափազանց ճկուն։

Որովհետև երբ մի մասի համար քրեական գործը դառնում է ակնթարթային պաշտոնանկության պատճառ, իսկ մյուսների դեպքում ամեն ինչ ավարտվում է լռությամբ, հասարակությունը սկսում է կասկածել ոչ միայն կոնկրետ մարդկանց, այլ ամբողջ համակարգին։

Եվ վերջապես՝ ԿԳՄՍ նախարարին իսկապե՞ս չի հետաքրքրում, որ իր խորհրդականի անունը ամիսներ շարունակ շրջանառվում է մամուլում՝ որպես այս պատմության ենթադրյալ հովանավորներից մեկի։

Թե՞ այստեղ էլ ընտրվել է ամենահարմար մարտավարությունը՝ սպասել, մինչև աղմուկը մարի, մարդիկ հոգնեն, և պատմությունը հերթական անգամ թաղվի լռության տակ։

Բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել։

Որովհետև Մանկավարժականի միջանցքներում ասում են՝ հարցերը շարունակում են մնալ բաց։

Mnews.am

 

 

Լրահոս