Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը Ազգերի լիգայի նախավերջին տուրի՝ Ֆարերյան կղզիների դեմ վաղը կայանալիք խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բոլորը սովորել են խաղալ։ Եթե նայենք Ֆարերյան կղզիների արդյունքներին՝ ոչ մի թիմ չի կարողացել հեշտ հաղթանակ տանել նրանց նկատմամբ։ Մեծ հարգանքով են մոտենում մրցակցին։ Ամեն ինչ կանենք՝ հաղթելու համար։ Թե ոնց կհաղթենք՝ վաղը մենք ցույց կտանք խաղադաշտում։
Գիտեք՝ ինչ խնդիր էր դրված հավաքականի առջև․ զբաղեցնել առաջին տեղը և շարունակել։ Բայց, ցավոք, այսօր այդպես չէ։ Այսօր մեր առջև դրված նպատակն առաջիկա երկու հանդիպումն է, պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք։
Լիարժեք մարզում անցկացրել ենք երեկ, ու նաև այսօր: Լիահույս եմ, որ 12-րդ ֆուտբոլիստը մեզ շատ է օգնելու: Երկրպագուների աջակցությունը միշտ շատ է օգնել հավաքականին: Նրանց գործոնը բոլորիս համար կարևոր է: Հույս ունեմ, որ վաղն էլ նրանց աջակցությունը կունենանք»,- ասել է Սուրեն Չախալյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզդաշտում կընդունի Ֆարերյան կղզիներին, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 17-ին կավարտի ելույթները Լատվիայի դեմ արտագնա խաղով։