«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պահվածքը մինչ օրս շարունակում է քննարկումների առարկա մնալ առողջապահական համակարգում։
Պարզվեց՝ փոխնախարարի «փորձառությունը» կապված էր Ազգային պատկերասրահից կատարած գնումների հետ։ Նրա խոսքով՝ վերջերս այնտեղից գնել էր Արշիլ Գորկու պատկերով վերնաշապիկ և շատ գոհ էր դրա որակից։
Հիշեցնենք, որ այս պաշտոնյայի անունը տարիներ շարունակ կապվել է առողջապահության ոլորտում վիճահարույց և քննադատությունների արժանացած գործընթացների հետ։ Նանուշյանը համարվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի հիմնական պատասխանատուներից մեկը՝ մի նախաձեռնության, որի իրականացումը երկար ժամանակ ձգձգվեց, մինչև նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված եղավ անձամբ ներգրավվել գործընթացում՝ այն առաջ մղելու համար։
Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա որդին առողջական հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Հ. Գ. Ի դեպ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառը Հայաստանում՝ կազմելով բոլոր մահերի 53 տոկոսը։ Միայն 2023 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է 12 հազար 973 մարդ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն. դրանք հազարավոր ընտանիքների ողբերգություններ են և առողջապահական քաղաքականության իրական գնահատականը։
30-79 տարեկան քաղաքացիների գրեթե կեսը տառապում է զարկերակային գերճնշմամբ, իսկ Հայաստանը շարունակում է ունենալ սրտանոթային հիվանդություններից մահացության աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը»։