2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 56 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը՝ տարբեր այլ ճնշումներ, 29-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այսօր նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։
Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարաբնույթ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից՝ 25 դեպքից 18-ում։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները գերակշռում են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հայցերով դատարան դիմողների շրջանում։ Դիտարկվող ժամանակահատվածում 15 նոր հայցից 12-ը ներկայացրել են պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները։
Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլոք։
Կոմիտեի փոխանցմամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 2 դեպքերը նույնպես տեղի են ունեցել Ազգային ժողովում, երբ նրանց դեմ ուժ են կիրառել անվտանգության ծառայության աշխատակիցները։
Մարտի 30-ին՝ Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողները ճնշումների են ենթարկվել նաև քաղաքացիների կողմից։
Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկվող եռամսյակի ընթացքում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները (29 դեպք` նախորդ տարվա 41-ի դիմաց), այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմինները անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը (7 դեպք), ուշացրել են պատասխանը (1 դեպք), թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել (13 դեպք) կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները (8 դեպք)։
Առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 12-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են, 1-ը՝ քաղաքացու, 2-ը՝ լրատվական գործակալության։ Ընդ որում, վերջին երկու հայցերը հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով են, իսկ հայցվորը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն է։ Մնացած 13 հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։
Հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր ԱՄՆ նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) գործունեության կասեցումը և դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ հայտնվեցին ծանր ֆինանսական վիճակում, բազմաթիվ ծրագրերի իրականացումը դադարեցվեց։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 26-ին հրապարակած «Ազատությունն աշխարհում-2025» տարեկան զեկույցում Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշը հնարավոր 4 միավորից գնահատել է 2։ Նշվել է, որ անկախ և հետաքննական լրատվամիջոցները ՀՀ-ում գործում են համեմատաբար ազատ, իսկ ընդհանուր առմամբ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված է քաղաքական կամ այլ կոմերցիոն շահերի հետ: