1 Հունիսի, 2024
Համբարձում քահանան գրում է. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը: Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:

Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով:

Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը: Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին: Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է:»:

 

kotayk

Լրահոս