6 Մայիսի, 2024
«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս մասին այսօր Բուդապեշտում Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին և իսկապես արդյունքն է մեկ ու կես տարի առաջ միասին ձեռնարկած մի ճանապարհի: Ճանապարհ, որը կոչված էր հաղթահարել առկա մարտահրավերները, նորովի սկսել հայ-հունգարական հարաբերությունները. հարաբերություններ, որոնք հիմնված են պատմական ջերմ փոխադարձ համակրանքի վրա, հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Եվ իսկապես սրտանց ուրախ եմ արդեն տեսնել այս գործընթացի արդյունքները։ Մենք, ինչպես նշեցի, պայմանավորվել էինք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում։ Այսօր մենք խոսում ենք արդեն ռեզիդենտ դեսպանությունների մասին»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ իրենք այսօր միասին ստորագրել են երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ. փաստաթուղթ, որը նախատեսում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծում։
«Մենք վերջերս ունեցել ենք նաև տնտեսական ընդհանուր կոնֆերանս, որտեղ մեր բիզնես ներկայացուցիչները նաև հնարավորություն են ունեցել խոսելու հնարավոր նոր համագործակցության մասին։ Իհարկե, չենք կարող չկարևորել մարդկանց փոխայցելությունները և մարդկանց միջև ուղղակի շփումները, և այս առումով, իհարկե, կիսում եմ Ձեր կողմից հաղորդված կարևորությունը «WizzAir»–ի կողմից Երևանի և Բուդապեշտի միջև հաստատվող ուղիղ չվերթների մասին։ Ես վստահ եմ, որ այս չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից»,- ասաց Միրզոյանը։
kotayk

Լրահոս