30 Մայիսի, 2026

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ըստ «Իրավունք» թերթի, իշխանականներին հանգստացրել է.

-Ժողովուրդը իմ թիկունքին է, տակ շտո՝ արխային։

Ասում են՝ այս խոսքերից հետո ՔՊ-ականները հանգիստ շունչ են քաշել։ Ու, անկեղծ ասած, ինչո՞ւ չպետք է քաշեին։ Եթե ժողովուրդը թիկունքին է, էլ ի՞նչ խնդիր կարող է լինել։

Բայց այստեղ սյուժեն հետաքրքիր շրջադարձ է ստանում։

Նույն օրը «Հրապարակը» գրում է, որ Առուշ Առուշանյանի դատական գործը Դատալեքսում չի երեւում։ Այսինքն՝ ժողովուրդը տեսնում է, իշխանությունը տեսնում է, Գորիսը տեսնում է, բայց Դատալեքսը՝ ոչ։

Սա արդեն հայկական քաղաքական ֆանտաստիկայի նոր ժանր է։

Մի ժամանակ իշխանությունների գլխավոր քննադատներից մեկը համարվող Առուշանյանը հիմա այնպիսի ներդաշնակ հարաբերությունների մեջ է իշխանության ներկայացուցիչների հետ, որ նույնիսկ քաղաքական ընկալումներն արդեն դժվարությամբ են տարբերում՝ իշխանամե՞տ է, ընդդիմադի՞ր, թե՞ պարզապես եղանակի փոփոխությունն է ճիշտ ժամանակին զգացել։

Եվ, ահա, այդ նույն ժամանակահատվածում նրա դատական պատմությունն էլ սկսում է ձգվել, բարդանալ, վերադառնալ նոր քննությունների, լրացուցիչ փաստաթղթերի ու ընթացակարգային հանգույցների փուլ։

Իհարկե, օրենքը օրենք է, դատարանը դատարան։ Բայց երբ քաղաքական հարաբերություններն արագ են կարգավորվում, իսկ դատական հարցերը՝ դանդաղում, քաղաքացին ակամա սկսում է մտածել, որ Հայաստանում երբեմն ամենաարագ ընթացող գործընթացը քաղաքական կերպարանափոխությունն է։

Այս պահին ստացվում է հետաքրքիր պատկեր՝

Գորիսում ամեն ինչ լավ է։

Իշխանությունը հանգիստ է։

Քաղաքապետը վստահ է։

Ժողովուրդը թիկունքին է։

Միայն դատական պատմությունն է դեռ փորձում հասկանալ, թե վերջապես ուր է գնում։

Ու մինչ այդ հարցի պատասխանը կգտնվի, կարելի է կրկնել օրվա գլխավոր քաղաքական կարգախոսը

«Տակ շտո՝ արխային»։

Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում հենց այդ խոսքերից հետո են ամենահետաքրքիր զարգացումները սկսվում:

Mnews.am

 

Լրահոս