Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը որոշել է «աշխատանքային կարգապահություն» հիշել հենց այն ժամանակ, երբ իր տեղակալ Գայանե Գրիգորյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Բայց եթե քաղաքապետը իսկապես այդքան սկզբունքային է քաղաքական չեզոքության հարցում, ապա նախ պետք է նայի իր շուրջը։
Բոլորին է հայտնի, որ հենց ինքը՝ Հակոբ Շահգալդյանը, իշխանության հետ բացահայտ խաղ է անում՝ միաժամանակ աշխատելով այլ քաղաքական ուժերի շահերի համար։ Չարենցավանի քաղաքապետարանում գրեթե չկա մեկը, ով որևէ քաղաքական ուժի հետ կապ չունենա, համագործակցություն չունենա կամ անդամ չլինի։ Այսինքն՝ եթե քաղաքապետի տրամաբանությամբ քաղաքական պատկանելությունը կամ կուսակցական ակտիվությունը «խնդիր» է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն մեկ հոգու են ազատում աշխատանքից։
Եթե անկեղծ լինենք, սա ավելի շատ քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում, քան «աշխատանքային դժգոհություն»։ Որովհետև երբ պետք է՝ քաղաքականությունը խնդիր չէ, երբ պետք է՝ դառնում է պատճառ մարդուն պաշտոնից հեռացնելու համար։
Մի խորհուրդ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին,եթե իսկապես որոշել եք քաղաքական չեզոքություն հաստատել քաղաքապետարանում, ապա հատ-հատ մարդկանց ազատելու փոխարեն՝ միանգամից լուծարեք ամբողջ քաղաքապետարանը։ Քանի որ այնտեղ աշխատողների մեծ մասը տարբեր քաղաքական ուժերի հետ կապ ունի։ Իսկ ընտրովի «սկզբունքայնությունը» արդեն ոչ թե կարգապահություն է, այլ երկակի ստանդարտ։
Քրիստինե Ավագյան