16 Մայիսի, 2024

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ըստ հիմնավորման՝ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ /24 առկա և 16 հեռակա/), որից 46-ը առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:

Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը: Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

ՀՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել նաև նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը, մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները: 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 270 անվճար տեղ, որից 180-ը առկա և 90-ը հեռակա:

Ըստ այդմ՝ ավելացվել են հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում: 2023/2024 ուսումնական տարում ԵՊՀ-ին «Աշխարհագրություն», իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին «Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով հատկացվել են 1-ական անվճար տեղեր՝ համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիրն իրականացնելու համար: Արդյունքում՝ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:

kotayk

Լրահոս