Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Իրավապահների ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ տարիներ շարունակ համայնքային հողերը օտարվել են օրենքի խախտմամբ՝ շուկայական արժեքից էապես ցածր գներով և կեղծ աճուրդների միջոցով։
Ըստ քննչական մարմինների՝ համայնքային հողատարածքները ձևական աճուրդներով փոխանցվել են նախկին քաղաքապետի մերձավորներին ու ընտանիքի անդամներին։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն Դանիելյանին, այլև նրա կնոջը, եղբայրներին և համայնքապետարանի մի շարք նախկին աշխատակիցների։Իրավապահները փաստում են, որ խոսքը մեկ դրվագի մասին չէ, այլ տարիներով գործած մեխանիզմի, որի արդյունքում համայնքային սեփականությունը ծառայեցվել է նեղ խմբային շահերի։
Այս պատմությունը կրկին հիշեցրեց տարիներ շարունակ հնչող ընդդիմադիր հայտարարությունները, թե նախկին իշխանության օրոք շատ համայնքներում ձևավորվել էին փակ համակարգեր, որտեղ համայնքը կառավարվում էր ոչ թե բնակիչների, այլ իշխանավորների ընտանիքների ու մերձավորների շահերից ելնելով։ Այն, ինչ ժամանակին որակվում էր որպես քաղաքական քննադատություն, այսօր արդեն հայտնվել է քրեական գործերի տիրույթում։
Դատարանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել, սակայն արդեն ակնհայտ է՝ տարիներ շարունակ «սաղ իրենցով անելու» մշակույթով աշխատած համակարգի դեմ այսօր խոսում են ոչ թե քաղաքական ելույթները, այլ քրեական գործերի նյութերը։ Իսկ հասարակության համար սա հերթական ապացույցն է, որ այն, ինչ տարիներ շարունակ ներկայացվում էր որպես «ուժեղ կառավարում», իրականում շատ հաճախ վերածվել էր համայնքային ունեցվածքի բաժանման փակ սխեմայի՝ սեփական մարդկանց միջև։