21 Ապրիլի, 2024

Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը այսօր՝ ապրիլի 21-ին, բերվեց Օհանավանի Սուրբ Հովհաննավանք եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը ավետարանը հավատացյալների ուղեկցությամբբերեց։Նշենք, որ այսօր նաև Կարմիր կիրակին է։

«Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո եկող այս կիրակիներն ամեն մեկն իր անվանում ունի ու կարծես իր գույնն ունի։ Արդեն ընդունված սովորույթի համաձայն՝ ամեն տարի Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայրական օրհնությամբ այս կարգը հաստատվեց, որ մենք Կարմիր կիրակիին Հովհաննավանք ենք բերում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սա նաև հենց այն շրջանն է, որ բուսական աշխարհն արթնանում է, ծաղիկները բացվում են և դաշտերը լցվում են կարմիր ծաղիկներով։ Մենք նաև գիտենք, որ կարմիրը ազատագրական պայքարի խորհուրդն ունի։ Այսօր 21-րդ դարն է, բայց նույն թշնամին մնացել է և այդ թշնամին ցանկություն ունի մեր հայրերի, մեր պապերի հողը մեզնից վերցնել։ Այսօր՝ ժողովուրդը գալով Հովհաննավանք, հաղորդակցվելով Ավետարանի հետ, կարծես ինքն էլ իր ուխտը վերակնքեց՝ պայքարը շարունակելու, որովհետև, հիշեցնեմ, որ այս Ավետարանի վրա Անդրանիկ զորավարը ուխտ արեց, որ հայրենիքի ոչ մի թիզ չի տալու և չի նահանջելու»,-ասաց Տեր Արամը։

Նա ընդգծեց, որ իր համար խորհրդանշանական է այն, որ Անդրանիկ զորավարը իր հույսը չի դրել միայն իր ռազմական հմտությունների վրա, այլ ապավինել է նաև Աստծուն։

«Պատահական չէ, որ այդ երդումը հենց Ավետարանի վրա տվեց, որովհետև Ավետարանը մեզ համար Աստծո խոսքն է և Աստծո ներկայությունն է, ուրեմն վստահաբար մեր զորավարը իր հույսը դրել էր նաև Տիրոջ վրա, և սա գալիս է մեզ հուշելու, որ  երբեք ու երբեք մեր հույսը չդնենք միայն մեր հմտությունների վրա, մեր կարողությունների վրա, այլ պիտի նաև ապավինենք Աստծուն այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ Եվ ինչպես Անդրանիկը իր զորքավ կարողացավ այս ամենը հաղթահարել, դուրս գալ, թշնամուն ջաղջախել, այնպես էլ մենք, կարող ենք ադ չարի գլուխը ջախջախել Տիրոջ զորությամբ»,-նշեց Տեր Արամ քահանա Ասատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

kotayk

Լրահոս