«Հրապարակ»–ը հայտնում է. Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին տարբեր կասկածելի կերպարներ են հայտնվում, որոնք նրան գրկում են, հետը լուսանկարվում, սեր խոստովանում: Նախօրեին լրագրողները մի դեպք էին բացահայտել․ նույն կինը օրվա տարբեր ժամերին, տարբեր հագուստներով մոտենում է Փաշինյանին, լուսանկարվում, ինչ-որ տեքստ ասում:
Հատկանշական է, որ իշխանության ամենաակտիվ պաշտպաններից ոմանց անունները վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են քրեական պատմությունների ու աղմկահարույց միջադեպերի կենտրոնում։ Նախորդ տարեվերջին էլ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ակտիվ աջակից՝ Թերեզա Սարգսյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Թեեւ պաշտպանական կողմը փորձել էր բողոքարկել որոշումը, Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել գործը, ինչի արդյունքում դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ, եւ Սարգսյանն արդեն քանի ամիս է՝ իր պատիժն է կրում կալանավայրում։ Թերեզա Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դեռեւս 2022 թվականին։ Ըստ իրավապահների՝ նա կեղծ հիվանդության ախտորոշմամբ, խաբեության եղանակով Լոռու մարզի ՏՍ-ում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Մանուկյանի հորից՝ Գրիգոր Մանուկյանից, պահանջել եւ ստացել էր խոշոր չափի՝ 5 հազար դոլար գումար՝ խոստանալով որդուն ազատել ծառայությունից։ Սակայն հետագայում Հովհաննես Մանուկյանը զորակոչվել էր ՀՀ զինված ուժեր, եւ հայրը դիմել էր իրավապահներին` խարդախ ՔՊ-ականին պատժելու հաղորդմամբ։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությամբ զբաղվում է նաեւ TikTok-ում Queen 666 անունով հայտնի Դիանան, որը, ըստ հրապարակումների, գրանցված է Escort in Armenia կայքում, ունի վճարովի ծառայություններ առաջարկող տելեգրամյան էջ, ինչպես նաեւ՝ վճարովի տեսանյութերի համար առանձին տելեգրամյան հարթակ։