23 Ապրիլի, 2024

Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը: Այս մասին տավուշցիների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` դիմելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին:

«Այն տեսարանը, որին մենք երեկ ականատես ենք եղել… հայոց ոստիկանները պաշտպանում են հայոց բանակի զինվորներին կամ բանակի կազմում ներգրաված մարդկանց, ովքեր ականազերծում են, այսինքն` թշնամու դիմաց բացում են դարպասները, և հայոց ոստիկանությունը պաշտպանում է նրանց կամ նրանց անվտանգությունը իր իսկ սեփական ժողովրդից: Պատմությանն մեջ այսպիսի բան չկա: Ընդհանրապես ժողովրդի փոքր հատվածներ դժվարության ժամին փորձում են ուրանալ, այլ մտքերով դարպասներ բացել, զորքը և պահապանները չեն թողնում: Հիմա հակառակն է դարձել: Եվ դուք երկրապահ եք, այսօր ինչ գործել եք, ամբողջ ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել, արդեն 2-3-րդ անգամ, պատասխանատվությունը ձեզ վրա է, ձեր և, եթե դրան մասնակից են` այս իշխանությունները` իրենց ղեկավարի գլխավորությամբ: Սադրել եք, որովհետև պատրաստվել եք նրան, իմանալով, թե ինչ հանցանք եք գործում և այդ հանցանքի դիմաց ժողովուրդն ինչպես կարող է արձագանքել` փորձելով ամենասկզբից վախեցնել, որ որևէ տեսակի շարժում չլինի, քաղաքացիական բախումների կամ արյունահեղությունների իմիտացիան հաղորդել: Սա կրկնակի հանցագործություն է: Երկրապահ եք` գնացեք սահման, սահմանը պահեք, ինչպես ուզում եք, պահեք, ինչպես կարող եք` պահեք: Դա ձեր սրբազան և սուրբ առաքելությունն է, որ ստանձնել եք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք և ծեծ ու ջարդի ենթարկեք: Հետևաբար, դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել այսօր և պատասխանատվույունը միայն և միայն երկրապահ կամավորականներ վրա է` իր ղեկավարի գլխավորությամբ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

kotayk

Լրահոս