ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում է Քննչական կեմիտեն:
Նշված նպատակով Ն.Թ.-ն գումարի դիմաց հավաքին մասնակցող անձանց ներգրավելու գործընթացը իրագործելու անհրաժեշտության մասին հայտնել է իր ընկեր Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։ Գ.Ա.-ն էլ իր հերթին համաձայնելով ինչպես իր, այնպես էլ մի խումբ այլ անձանց ներկայությունն ապահովել նշված հավաքին, նյութապես շահագրգռվելով և այդ եղանակով ազդելով իր մտերիմներ՝ մի խումբ անձանց կամահայտնության վրա, նրանց տեղեկացրել է, որ հիշյալ հավաքին մասնակցելու համար յուրաքանչյուրին կվճարվի 15.000 ՀՀ դրամ։
Գ.Ա.-ի և Ն.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: