Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում: Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):