21 Դեկտեմբերի, 2016

Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի աղմկահարույց սպանությունն ու դրան հաջորդող դեպքերը:
Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ շտապում են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ տարաբնույթ կանխատեսումներ անել:

The Washington Post-ը, մասնավորապես, գրել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները փչացրած և Ռուսաստանի ձեռքը սեղմող Թուրքիայի ձեռքերն այս պահին ավելի թույլ են, քան երբևէ: Պարբերականը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս միջադեպն անպայման կօգտագործի փակ դռների ետևում Թուրքիային շանտաժի ենթարկելու համար:

The New York Times-ը նկատում է, որ ՌԴ դեսպանի դեմ հարձակումը կարող է իրենից մեծ վտանգ ներկայացնել այն պարագայում, երբ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ-ի միջև հեռավորությունն ընդամենը մի քանի կիլոմետր է:

The Guardian-ը մեջբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սինան Ուգլենի այն տեսակետը, որ այս անգամ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր քաղաքական ճգնաժամը քիչ հավանական է, և եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի Պուտինի հետ ճիշտ քաղաքականություն վարել, ապա ռուս-թուրքական հարաբերությունների վրա այս միջադեպն էականորեն չի ազդի, մանավանդ, որ ներկա փուլում հարաբերությունների նոր սրումից կորցնելու շատ բան ունեն և՛ Մոսկվան, և՛ Անկարան:

The Independent-ը գրում է, որ եթե այս ամենը տեղի ունենար անցյալ տարի Սիրիայում թուրքական ԶՈւ-ի կողմից ռուսական կործանիչի խոցումից անմիջապես հետո, դա կարող էր լայնամասշտաբ պատերազմի վերածվել: Ինչպես նշում է պարբերականը՝ ցանկացած երկրում օտարազգի դիվանագետների անվտանգությունն ապահովելու անկարողությունը շատ լուրջ սադրանք է: Պարբերականը կանխատեսում է, որ ստեղծված իրավիճակը հարթելու համար Էրդողանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի փոխել Սիրիայի հարցում վերջին ժամանակների իր առավել կոշտացած դիրքորոշումն ու, այդպիսով, հանդարտեցնել Պուտինին:

 

kotayk

Լրահոս