28 Նոյեմբերի, 2019

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Երևան-Բաքու-Ստեփանակերտ լրագրողական փոխայցերի նշանակությանը, ասել է. «Անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջև նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, և այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ»:

Խրամչիխինի համոզմամբ՝ այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանոմ:

«Չեմ կարծում, որ այդ առումով սա որևէ բան է փոխելու, քանի որ, վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման և այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել:

Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս