1 Մայիսի, 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:50-ի  սահմաններում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը «կատատրվամաից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնեմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Միրզոյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Գագիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։

Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, որ ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։

Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

kotayk

Լրահոս