5 Ապրիլի, 2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր:

Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր:

Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է

37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է: 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ։

kotayk

Լրահոս