6 Հունիսի, 2023
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու միայն հանրային հրապարակումների պատճառով, իսկ միջադեպի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, Aravot.am-ին ասել է Ղայթմազյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը: Հարցին՝ Ղայթմազյանը սթափության վիճակը ստուգելու զննություն անցե՞լ է, պաշտպանը պատասխանել է՝ ոչ, պարզապես նա պնդում է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:

«Ինքը չի ասել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասել է պաշտպանը:

Մեկ այլ հարցի՝ ի՞նչն էր Ղայթմազյանին հունից հանել, որ սկսեց ծեծել անչափահաս աշխատակցին, պաշտպանը պատասխանել է. «Ամեն դեպքում, այն չէ, ինչ թերթերով հրապարակվում է: Եթե ողջամտորեն մեկը նայում, կարդում է , չի կարող, չէ՞, նման բան լինել, որ մարդը հյուրանոցի համարի գումար ուզի, ու ինչ-որ մեկը բռնի, ծեծի․ առնվազն պետք է նորմալ չլինի, հոգեկան խնդիրներ ունենա: Ի՞նչ է նշանակում՝ մարդը հյուրանոցի գումար է ուզել, բռնես, ծեծես նրան: Ճիշտ է, այդպես է տարածվում, բայց եթե մարդը նստի, ողջամտորեն կարդա, կհասկանա՝ նման բան չի կարող լինել ուղղակի, անհնար է: Ադեկվատ մարդը ո՞նց կարող է նման բան անել: Այնտեղ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ իր թույլտվությունը: Որոշ  անձնական հարցեր են եղել, որից էլ առաջացել են այդ հարցերը»:

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալն էլ, ինքն էլ այն համոզմանն են, որ մարդն իր կատարածին համարժեք պետք է պատասխանատվություն կրի․ «Բայց չի կարելի հանրային ճնշմամբ՝ այլ արարքով փորձել ազատությունից զրկել․ անչափահասին սարքեն հրեշտակ ու հանրային տիրույթում արդարացնեն»,-ասել է նա։

kotayk

Լրահոս