9 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը, բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։

Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։

Այս թվերը հատկապես հակասում են այն հայտարարություններին, ըստ որոնց՝ «գնաճ չկա», կամ «այն բնական է»։ Երբ շաքարավազը թանկանում է ամսական կտրվածքով, իսկ սուրճն ու շոկոլադը դառնում են շքեղություն, քաղաքացին այլևս վիճակագրական աղյուսակների կարիք չունի․ դա զգում է ամեն օր։

Տարածքային պատկերը

Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։

Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։

Տարածված ապրանքների գնաճը՝ տարեկան և ամսական կտրվածքով
Հացահատիկ
• Մակարոնեղեն՝ +1.0% տարեկան / +0.6% ամսական
• Հաց՝ +2.4% տարեկան / +0.2% ամսական
• Ալյուր՝ +5.5% տարեկան / +1.1% ամսական
Ցորենի այլ տեսակներ
• Հաճար՝ -0.2% տարեկան / +1.6% ամսական
• Հնդկացորեն՝ -10.4% տարեկան / +1.7% ամսական
Քաղցրավենիք և ըմպելիքներ
• Շաքարավազ՝ -3.9% տարեկան / +1.3% ամսական
• Շոկոլադ՝ +13.8% տարեկան / +2.2% ամսական
• Սուրճ՝ +17.1% տարեկան / +1.1% ամսական
• Կակաո՝ +20.6% տարեկան / +4.9% ամսական
Ձուկ և միս
• «Իշխան» ձուկ՝ +21.9% տարեկան / +0.5% ամսական
• Խոզի միս՝ -0.5% տարեկան / -1.0% ամսական
Կաթնամթերք և յուղեր
• Թարմ կաթ՝ -1.1% տարեկան / -0.4% ամսական
• Պանիր՝ -3.9% տարեկան / -0.3% ամսական
• Մարգարին՝ -3.0% տարեկան / -0.2% ամսական
• Կարագ՝ +13.7% տարեկան / -0.7% ամսական
• Արևածաղկի բուսայուղ՝ +13.7% տարեկան / -1.7% ամսական
Ալկոհոլ և ծխախոտ
• Ալկոհոլ՝ +5.3% տարեկան / +0.2% ամսական
• Ծխախոտ՝ +6.4% տարեկան / +2.1% ամսական

Այսպիսով, թեև որոշ ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում, ընդհանուր պատկերն անհերքելի է՝ կյանքի թանկացումը դարձել է իրականություն։ Ավելին, գնաճը շարունակվում է նույնիսկ այն ապրանքների շրջանում, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության՝ ալյուր, հաց, յուղ, շաքար, ձուկ։

Պաշտոնական թվերը վկայում են, որ գնաճը կա և բազմաշերտ է թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով։ Իսկ իշխանությունների արդարացումները, թե «եկամուտներն էլ են աճել», չունեն համարժեք հենարան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական առավել խոցելի խմբերն այդ եկամտի բարձրացումը չեն տեսնում իրենց առօրյայում։

Երբ սուրճը 17% թանկանում է, իսկ կարագը՝ 13.7%, այն իրավիճակում, երբ թոշակառուն կամ միջին աշխատավարձ ստացողը չի կարողանում ծախսերը կարգավորել, «բնական գնաճի» մասին խոսելն արդեն ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ քայլ է, այլ նաև անբարոյական»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս