9 Մայիսի, 2025
Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.«ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը 17.11.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել, որն արձանագրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը: Քննիչն հաղորդմանն ընթացք է տվել` նախաձեռնելով քրեական վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանն այդ հաղորդմանը տվել է 18-0408-23 սերիական համարը (հետագայում՝ թիվ 18-0408-23 քրեական վարույթը,օրենքի կոպիտ խախտումով, միացվել է թիվ 18-0338-23 քրեական վարույթին. քրեական վարույթը այժմ քննվում է այլ քննչական բաժնում) և նշել է հանցանքի կատարման ամսաթիվը` 01.05.2023թ՝ ժամը 13:00:

Այս ամսաթիվը ուշագրավ է այնքանով, որ չի համընկնում դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման մեջ նշված ամսաթվին: Պատկերացնելու համար, թե ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը ինչ կարգի և որակի գործ է տվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը, մեջբերում եմ Հաղորդման տեքստից. «Լիլիթ Աղեկյանին ճանաչում եմ աշխատանքային բերումով, նրա հետ անձնական կամ այլ հարաբերություններ չունեմ, ցանկանում եմ նշել, որ վերջինս 2023թ. մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 22 դիմումներ է ներկայացրել թիվ 32 հիմնական դպրոցի տնօրենի անօրինական գործունեության հետ կապված: Բաժնում ծառայողների կողմից իրականացված ՕՀՄ-ի և ստուգողական գործողությունների արդյունքում, որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ: Դիմումների ընթացքի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Աղեկյանին և սահմանված կարգով այն չի բողոքարկել, այլ իր անհամաձայնություններն է հայտնել «FACEBOOK» սոցիալական ցանցի՝ «Llilit Aghekyan» կայքերում տեղադրված (ուղիղ եթերներում) և գրավոր հրապարակումներում:

Որպես ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի, իմ հասցեին վիրավորական, արատավորող և իմ իրավունքներին վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել, ինչի արդյունքում վնաս է պատճառվել իմ պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է իմ գործունեությանը և այս ամբողջը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի ենթադրյալ առկայության մասին: Ուստի, խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ և Լ.Աղեկյանին ենթարկել քրեական պատասխանատվության»։

Այս հաղորդման մասին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը տեղեկացել է 27.06.2024 թվականին, երբ առաջին անգամ ծանուցվել է, որ հրավիրվում է որպես մեղադրյալ` հարցաքննության: Նրան հարցաքննության հրավիրող քննիչը, որն, ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Արման Մինասյանն է, այնքան է շտապել, որ կազմել է թերի` օրենքի պահանջների խախտումով, ծանուցագիր: Դեռ ավելին, թերի, օրենքի խախտումով կազմված ծանուցագիրն ոստիկանները Լիլիթ Աղեկյանին են փոխանցել՝ գնալով նրա բնակարան՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ 27.06.2024 թվականին՝ ժամը 17:00-ին, պարտավոր է ներկայանալ հարցաքննության: Ենթադրվում է, որ այդ կերպ ցանկացել են ահաբեկել Աղեկյանին և նրա մայրիկին: Լիլիթ Աղեկյանը հեռախոսակապ է հաստատել քննիչի հետ` հայտնելով, որ իրեն անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նա կարողանա գալ պահանջված վայր իր փաստաբանի հետ: Սակայն քննիչը նրան հայտնել է, որ այդ դեպքում նրան բերման կենթարկեն ոստիկանները: Այս ծանուցագրի հիման վրա ես՝ որպես նրա պաշտպան, ընդմիջելով իմ գործերը գնացել եմ Գյումրի քաղաքում տեղակայված  ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի մարզի քննչական բաժին՝ մասնակցելու Լիլիթ Աղեկյանի հարցաքննությանը»:

Հիշեցնենք, որ այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասանության դատարանում ընթանում է Աղեկյանին կալանավորելու դռնփակ նիստը։

Լրահոս