6 Հունիսի, 2023
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշակելու գործով։ Հայտնում է «Հետք»-ը։

«938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։

Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։

Երևանի քաղաքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ մարտի 20-ին։ Համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվելու է ընդհանուր 365 միլիոն դրամ՝ մայրաքաղաքի փողոցները գծանշելու համար։ Մասիսի համայնքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև հունվարի 12-ին կնքված պայմանագրի արժեքն էլ կազմել է 8 միլիոն դրամ։

Այսպիսով, միայն 2023 թվականի ընթացքում «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետական և համայնքային մարմիններից ստացել է ընդհանուր 938 միլիոն դրամի պատվեր։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին հիմնադրված այս ընկերությունը 100 միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել նաև 2021 և 2022 թվականներին, որոնց նախկինում «Հետքն» անդրադարձել է։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

kotayk

Լրահոս