22 Հունիսի, 2023
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավականին թեժ ու մրցակցային լինել։ Ի տարբերություն 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որտեղ ընտրությունը նախկինների ու գործողների միջև էր, այս աշնանը սպասվող ընտրությունները տարբերվում են։ Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրավորական կեցվածք է որդեգրել և ի տարբերություն արտախորհրդարանական ուժերի, որոնցից շատերն արդեն իսկ հայտարարել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները անմասն են ներքաղաքական այս զարգացումներից։ Ու որքան էլ զարմանալի թվա, հատկապես Ռոբերտ Քոչարյանի  գլխավորած դաշինքի՝ որեւէ ընտրություններին չմասնակցելը բերում է իշխանության պարտությանը։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվում է այնտեղ, որտեղ ընտրություններին չի մասնակցում «Հայաստան» դաշինքը։ Սա իհարկե չի նշանակում, որ «կռում» է Քոչարյանը։ Այս երկուսի միջակայքում կան  առողջ ուժեր, որոնց էլ հանրությունը ձայն է տալիս։

Վերադառնանք Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Նա տևական ժամանակ է զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը ստվերային քարոզարշավ է իրականացնում, տպավորություն ստեղծելով, որ ինչ անում է ժողովրդի համար է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս հայտարարել է իր մասնակցության մասին։ Այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։ Ի դեպ Թանդիլյանը եզակի պատգամավորների թեկնածուներից էր, որ 2017-ի ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով հաղթանակ տարավ։

Ակնհայտ է, որ համադրելով այս ընթացքում Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարած ուժերին, կարելի է եզրակացնել, որ հիմնական ընտրապայքարը երկու ուժի միջև է լինելու՝ ՔՊ-ի ու «Ապրելու երկրի»։ Անգամ այս պարագայում էր «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը մեծ չեն։ «Ապրելու երկիրը» մեկ անգամ չէ, որ հաղթել է ՔՊ-ին, մի շարք համայնքներում իշխանությանը դարձնելով ընդդիմություն։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ շտաբի պետը լինելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Վերջինս ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում:

Նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին: Նույն սցենարը պատրաստվում են կիրառել նաև մայրաքաղաք Երևանում։

 

 

kotayk

Լրահոս