31 Մարտի, 2023

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ է հայտնել ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետ եղած միջադեպից։

Նրա խոսքով՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված փակ քննարկումը սկզբում նորմալ հունով է ընթացել, մի պահ նիստի բնականոն ընթացքը խաթարվել է, պատգամավորները սկսել են բարձր խոսել։

«Ես փորձեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին, ասել, որ վերադառնան բովանդակային քննարկման փուլ, և սրանով ավարտենք։ Իմ իրավաչափ պահանջին Մհեր Սահակյանն արձագանքեց՝ «դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք»։

Ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, նա էլ պնդեց, թե չեմ կարող։ Մոտեցավ ինձ, որովհետև արդեն կանգնել էինք, և, առանց որևէ բան անելու, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի»,- պատմեց Վարդանյանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ միջադեպը մեկ րոպե է տևել։ Վարդանյանը հերքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը, թե ինքը քայլել է դեպի պատգամավորը, ինչի համար էլ վերջինս հարվածել է իրեն։ Նա նշել է, թե որևէ քայլ չի արել և չէր էլ կարող անել։

«Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել։ Բժշկական միջամտություն է տեղի ունեցել, բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել։ Բավականին ծանր հարված էր»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք որևէ առարկայով է Սահակյանը հարվածել իրեն, Վարդանյանը նշեց. «Ես չեմ կարող պնդել, չեմ էլ կարող բացառել։ Դատաբժշկական փորձաքննություն դեռևս չի կատարվել, վաղը կմասնակցեմ, բայց հարվածը նման է այդ կարգի գործիքով ստացվող հարվածի վնասվածքի»։

Վարդանյանն արդեն հարցաքննվել է ու ցուցմունք է տվել։ Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց, թե միջադեպից հետո Սահակյանը հարվածելուց հետո փախել է։

Հիշեցնենք՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

kotayk

Լրահոս