Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղաղարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:
Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: